Լուիս Բոնոյին ընդունել են Բաքվում՝ հունվարի մերժումից հետո

Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը մարտի 18-ին ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Հարավային Կովկասի հարցերով ավագ խորհրդական Լուիս Բոնոյին, հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ըստ տեղեկությունների՝ կողմերը հանդիպմանը քննարկել են Բաքու-Վաշինգտոն երկկողմ հարաբերությունները, իրավիճակը Հարավային Կովկասում, ինչպես նաև մտքեր են փոխանակել Հայաստանի ու Ադրբեջանի կարգավորման գործընթացի շուրջ։ Ըստ ադրբեջանական աղբյուրների՝ Բայրամովը վերահաստատել է Բաքվի պատրաստակամությունը խաղաղության գործընթացի հարցում։

Լուիս Բոնոն այցելում է Ադրբեջան հարավկովկասյան այցելության շրջանակում։ Բաքվից առաջ նա հանդիպումներ է անցկացրել Երևանում։

Այս տարեսկզբին Լուիս Բոնոյին չէին ընդունել Բաքվում՝ ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև դիվանագիտական լարվածությամբ պայմանավորված։

***

Բաքուն հրաժարվել էր 2023-ի նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում նախատեսված Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը մասնակցել։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը՝ արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի՝ Ներկայացուցիչների պալատում Լեռնային Ղարաբաղի հարցով լսումների ժամանակ արված հայտարարություններին, հայտարարել էր․ «Ջեյմս Օ’Բրայենի միակողմանի և կողմնակալ մեկնաբանությունները անհիմն և անընդունելի են։ ԱՄՆ-ի միակողմանի մոտեցումը կարող է պատճառ դառնալ, որ նա կորցնի միջնորդի իր դերը: Այս պայմաններում մենք հնարավոր չենք համարում նոյեմբերի 20-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների մակարդակով հանդիպում անցկացնելը»։

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենը դեկտեմբերի 6-ին Բաքվում «դրական ու կառուցողական» հանդիպում էր ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպումից հետո Օ՛Բրայենը X-ի իր միկրոբլոգում գրել էր․ «ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը հուսով է, որ առաջիկայում Վաշինգտոնում կհյուրընկալի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին՝ խաղաղության բանակցություններ անցկացնելու համար»:

Մեկնաբանել