Կքննարկվի ՀՀ-ում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության հարցը

Հայաստանն ու Ռուսաստանն առաջիկայում Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնեն, որոնց ընթացքում հայկական կողմն առաջարկներ կներկայացնի Հայաստանում հեռարձակվող ռուսական հեռուստաալիքների բովանդակության հետ կապված: Այդ մասին մարտի 18-ին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

«Խնդրի կարգավորման վերաբերյալ Հայաստանի կառավարությունն ունի իր պատկերացումներն ու լուծումները: Առաջիկայում Մոսկվայում ընթանալու են խորհրդակցություններ, ինչպես ենթադրում է երկկողմ միջպետական համաձայնագիրը: Դրա ընթացքում հայկական կողմը ներկայացնելու է լուծումների վերաբերյալ իր առաջարկները: Լուծումները բխում են ինչպես համաձայնագրի ողջ տրամաբանությունից, այնպես էլ Հայաստանի պետական շահերից, այն է՝ ապահովել համապատասխան հեռուստաբովանդակություն, որը որևէ պարագայում չի ենթադրի միջամտություն Հայաստանի ներքին գործերին, վիրավորանք Հայաստանի պետական խորհրդանիշերի, առհասարակ պետության նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի ժողովրդի հույզերի ու արժանապատվության»,- ասել է նախարարը:

2023-ի դեկտեմբերին ևս թեմայի շուրջ տեղի էին ունեցել երկկողմ խորհրդակցություններ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարությունների միջև, սակայն, Հայրապետյանի խոսքով՝ ռուսական ալիքների բովանդակության առումով փոփոխություն չի եղել։

«Արդյունքում ոչ միայն բովանդակության առումով որևէ փոփոխություն չի եղել, այլ նաև վերջին շրջանում այդօրինակ հաղորդումների հաճախականությունը պարբերական բնույթ է կրում: Սա նշանակում է, որ համաձայնագրում տեղ գտած գործիքները, որոնք ներդրվել են այդ տեսակի հաղորդումները կանխելու համար, չեն աշխատում»,- նշել է նա:

Հարցին, թե ռուսական հեռուստաալիքները հանրային մուլտիպլեքսից հանելու առաջարկ արվելո՞ւ է՝ նախարարը հայկական կողմի առաջարկների և լուծումների վերաբերյալ մանրամասներ հայտնելուց զերծ մնաց:

Մեկնաբանել