Իրանում «պարսկական գարուն» է սպասվում

Իրանում տեղի ունեցող իրադարձությունները հաստատում են հին ճշմարտությունը․ հեղափոխությունների գլխավոր շարժիչ ուժն իրենց տնտեսական իրադրությունից դժգոհ զանգվածներն են։ Իհարկե, գործը չի սահմանափակվում միայն տնտեսությամբ, հաճախ ժողովրդական հուզումները պայմանավորված են քաղաքական, ազգամիջյան և միջդավանական պատճառներով։ Սակայն որքան ավելի աղետալի է մարդկանց դրությունը, որքան ավելի խորն է տնտեսական ճգնաժամը, որքան ավելի ուժեղ է անկում ապրում ազգային արժույթը, այդքան հաջողելու ավելի մեծ շանսեր ունեն հեղափոխականները, գրում է ռուսական «Կոմերսանտ» թերթի վերլուծաբան Մաքսիմ Յուսինը։

Այդպես եղավ Թունիսում, որտեղ նախագահ Բեն Ալիի դեմ ուղղված հուզումների պատճառ դարձավ սնանկ և իշխանությունների կողմից նվաստացված փողոցային վաճառականի ինքնահրկիզումը, որից հետո փողոց դուրս եկան այդպիսի հարյուր հազարավոր մերժվածներ։ Այդպես եղավ նաև Եգիպտոսում․ Հոսնի Մուբարաքի դեմ բունտ էին անում իրենց վիճակից դժգոհ, ճգնաժամից տուժած, աշխատանք գտնելու և ընտանիքի գոյությունն ապահովելու հույսը կորցրած մարդիկ։ Իհարկե, Կահիրեի «Թահրիր» հրապարակում հավաքվել էին ոչ միայն նրանք․ այնտեղ կային և՛ լիբերալ ուսանողներ, և՛ իսլամիստներ։ Սակայն հասարակ, քաղաքականությունից հեռու մարդիկ այնտեղ մեծամասնություն էին։

Եթե Թունիսում ու Եգիպտոսում լիներ այնպիսի կենսամակարդակ, ինչպիսին է Կատարում կամ Քուվեյթում, հազիվ թե գործը հասներ նախագահների տապալման։ Միանգամայն հնարավոր է, որ Բեն Ալին ու Մուբարաքը կարողանային գնել համաքաղաքացիների լոյալությունը՝ սոցիալական խնդիրների լուծմանը հատկացնելով միլիարդավոր նավթադոլարներ, բարձրացնելով աշխատավարձերն ու կենսաթոշակները։ Սակայն ո՛չ Թունիսում, ո՛չ Եգիպտոսում միլիարդավոր նավթադոլարներ չկան, և այս երկրներում հաղթեց «արաբական գարունը»։ Կատարում ու Քուվեյթում այն անգամ չսկսվեց էլ, իսկ Սաուդյան Արաբիայում սահմանափակվեց այն շրջաններով, որոնցում բնակվում է շիա փոքրամասնությունը, սակայն սա միանգամայն այլ պատմություն է՝ ոչ տնտեսական։

Իրանն իր «պարսկական գարնանից» հազիվ խուսափեց 2009թ․՝ նախագահական ընտրություններից հետո, որոնցում հաղթեց Մահմուդ Ահմադինեժադը։ Թեհրանում և այլ խոշոր քաղաքներում սկսվեցին զանգվածային հուզումներ․ ընդդիմության համախոհները իշխանություններին մեղադրում էին կեղծումների մեջ։ Սակայն աստիճանաբար բողոքի ցույցերի ալիքը մարեց։ Պատճառներից մեկը հեղափոխության հաղթանակի համար տնտեսական նախադրյալների բացակայությունն էր։ 2009թ․ Իրանում ճգնաժամ չկար, նավթադոլարները կայուն կերպով մտնում էին բյուջե, ռիալը անկում չէր ապրում։ Այսօր միանգամայն այլ պատկեր է։

Այաթոլլահների վարչակարգի դեմ այսօր հանդես են գալիս ոչ թե թեհրանցի քաղաքականացված ուսանողները, այլ բազարը, առևտրականները։ Այս մարդիկ շատ ավելի պրագմատիկ են մտածում․ նրանք հաշվում են իրենց անձնական կորուստները Արևմուտքի սահմանած պատժամիջոցներից։ Նրանք հասկանում են, որ ռիալը շարունակելու է անկում ապրել, իսկ իրենց խնայողությունները՝ արժեզրկվել։

Եվ որպեսզի դա տեղի չունենա, առևտրականները պատրաստ են զոհաբերել շատ բան՝ և՛ նախագահ Մահմուդ Ահմադինեժադին, և՛ Իրանի միջուկային ծրագիրը, և՛ անգամ հենց այաթոլլահների վարչակարգը։ Ինչի՞ն է պետք վարչակարգը, որի օրոք առևտրականները սնանկանում են, իսկ երկիրը աղքատանում է։

Մեկնաբանել