Fly Arna ավիաընկերության լիցենզիան վեց ամսով կասեցվել է, հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Արմեն Սիմոնյանը:
«Այս պահի դրությամբ Fly Arna-ի լիցենզիան կասեցված է: Ըստ մեր օրենսդրության և կարգերի՝ եթե ընկերությունը չունի օդանավ, ապա լիցենզիան մինչև 6 ամիս ժամկետով կասեցվում է: Եթե 6 ամսվա ընթացքում այդ օդանավը չներգրավի, ապա լիցենզիայի գործողությունը կդադարեցվի»,- մարտի 19-ին ԱԺ նիստի ժամանակ ասել է Սիմոնյանը:
Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna-ն գործում է 2022-ի հուլիսից։ Այն Հայաստանի պետական հետաքրքրություների ֆոնդի (ANIF) և Էյր Արաբիա (Air Arabia) ընկերության համատեղ ձեռնարկությունն է։
Համաձայն պետռեգիստրի՝ ավիաընկերությունն ունի 3 բաժնետեր: «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն եւ Շարժայի օդանավակայանի միջազգային ազատ տնտեսական գոտում (SAIF Zone) գործող «International Business Company (FZE)» ընկերությունն ունեն 49-ական % բաժնետոմսեր: Մնացած 2 %-ի սեփականատերն է Դուբայում գրանցված Վարուժան Աբրահամի Ներգիզյանը: