Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կարծիքով՝ Արևմուտքի քաղաքականությունն է հանգեցրել նրան, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Տավուշում հայտարարում է Ադրբեջանի հետ մոտալուտ պատերազմի վտանգի մասին։
«Ինչի են հասցրել գործը Եվրամիությունից, ՆԱՏՕ-ից և Վաշինգտոնից ուղղորդողները։ Այս հայտարարությունը որևէ կերպ կապված չէ Ռուսաստանի հետ։ Այն Հայաստանի իշխանության իրավասությունն է և Արևմուտքի հետ խորհրդակցությունների արդյունքը»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Զախարովան։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Տավուշի սահմանագոտում Ադրբեջանի պահանջած չորս ոչ անկլավային գյուղերը տրվելու են Ադրբեջանին, որպեսզի «պատերազմ թույլ չտանք»։
«Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք։ Մենք կարող ենք էստեղից դուրս գալ, գնանք ասենք՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Ես գիտեմ՝ ինչ է լինելու այդ պատերազմի վերջում»,- ասել է Նիկոլ Փաշինյանն մարտի 18-ին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում տեղի, ինչպես նաև Բաղանիսի բնակիչների հետ հանդիպմանը։