Ինքնիշխանության խնդիր ԵՄ առաքելության համաձայնագիրը չի կարող առաջացնել․ փոխնախարար

Ազգային ժողովը մարտի 19-ի նիստին սկսեց քննարկել Հայաստանում Եվրոպական միության առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը։ Այն խորհրդարանին ներկայացրեց արտաքին գործերի նախարարի տեղակալ Մնացական Սաֆարյանը։ Նրա խոսքով՝ Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը միտված է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանն ու կայունության ապահովմանը:

«ԵՄ առաքելությունը, այդ թվում՝ դրա բաղադրատարրերը, ստորաբաժանումները, գլխամասային գրասենյակները և անձնակազմը մաքսային ու հարկային հարցերում Հայաստանի Հանրապետության իրավասու գերատեսչությունների կողմից դիտարկվելու են որպես դիվանագիտական ներկայացուցչություն»,- ասաց Սաֆարյանը՝ հավելելով, որ եվրոպական 21 առաքելություն է գործում աշխարհում, որից 12-ը քաղաքացիական են, իսկ 9-ը՝ ռազմական։

Ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանի խոսքով՝ համաձայնագրում արձանագրված է, թե ԵՄ-ն կարող է երրորդ երկրներից ներկայացուցիչներ ընդգրկել իր առաքելությունում։ Պատգամավորն այս դրույթը մտահոգիչ համարեց, քանի որ կարող են լինել ներկայացուցիչներ, օրինակ, Թուրքիայից կամ Ալբանիայից։

Մնացական Սաֆարյանը պատասխանեց, որ ԵՄ անդամ չհանդիսացող պետության ներգրավման մասով նախքան գործընթացի մեկնարկը քաղաքական երկխոսություն է ընթանում ԵՄ-ի ու Հայաստանի միջև, ինչպես եղել է Կանադայի դեպքում։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ հարցրեց, թե արդյոք ինքնիշխանության մասով մտահոգություններ կան։ Ըստ փոխնախարարի՝ համաձայնագրում ամրագրված է, որ յուրաքանչյուր պահի Հայաստանը կարող է այն կասեցնել, այնպես որ ինքնիշխանությանը վնասող դրույթ նա չի տեսնում։

Գևորգ Թոսունյան

Մեկնաբանել