Բռնի տեղահանվածների 40+10 հզ աջակցությունը կշարունակվի մինչև տարեվերջ

ՀՀ կառավարության հաջորդ նիստին կներկայացվի ԼՂ-ից բռնի տեղահանվածների դրամական աջակցությունը մինչև տարեվերջ երկարացնելու որոշումը։ «Արմենպրես»-ի հետ հարցազրույցում այս մասին ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը։

«Դրամական աջակցությունը շարունակելու որոշումը կառավարության ընդունմանը կներկայացնենք մյուս հինգշաբթի։ Նախագծով նախատեսում ենք դրամական աջակցությունն առանց պայմանների փոփոխության երկարացնել մինչև 2024 թ. դեկտեմբերի վերջ։

Հիշեցնեմ, որ յուրաքանչյուր անձի հաշվով 2023թ հոկտեմբերից սկսած վճարվել են 40 + 10 հզ-ական դրամ բնակելի անարժ գույք չունեցող ընտանիքների անդամներին և 10 հզ-ական դրամ անշարժ գույք ունենալու դեպքում՝ իհարկե միջոցառման մյուս պայմաններին բավարարելու դեպքում: Այս ամիսներին շարունակաբար միջոցառման պայմանները վերանայվել են, ինչի արդյունքում ավելացել են նոր շահառու խմբեր: Բարելավման այս մոտեցումը կարծում եմ կպահպանենք: Մինչև ծրագրի երկարացման որոշումը նախաձեռնել էինք աշխատանքային քննարկում, և կարևոր առաջարկներ ստացանք տեղական և ԼՂ–ում հայտնի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներից ու պարզապես ծրագրի շահառու հանդիսացած ԼՂ-ից բռնի տեղահանված անձանցից։

Միաժամանակ, կարծում եմ՝ 2025թ ևս դրամական աջակցության միջոցառումը կշարունակենք, սակայն պայմանները փոփոխելով և կենտրոնանալով անաշխատունակ և խոցելի անձանց ու ընտանիքների կարիքների բավարարման վրա»,- ասել է Ժամակոչյանը։

Ինչ վերաբերում է բնակարանային մատչելիության ծրագրին, ապա, ըստ փոխնախարարի, այն մշակման փուլում է, և պայմանների հստակեցման նպատակով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այս պահին շարունակում է այս ուղղությամբ հանդիպումները։

«Միաժամանակ ծրագրով նախատեսվող որոշ պայմաններ արդեն հստակեցվել են․ մասնավորապես, բնակարանի գնման կամ կառուցման նպատակով աջակցության չափը կլինի մեկ անձի հաշվով 3 մլն դրամ: Բացի այդ, ներդրումային առաջնահերթություն ունեցող բնակավայրերում բնակելի տուն ձեռք բերելու կամ կառուցելու դեպքում աջակցության չափը կավելանա՝ հասնելով 4մլն-ի, իսկ առանձին բնակավայրերում անգամ 5 մլն դրամի»,- նշել է փոխնախարարը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում

Մեկնաբանել