Արցախցիների վերադարձի իրավունքը բանակցային դիրքորոշում չէ, այլ մանդատ․ Հանձնախումբ

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը ողջունել է Եվրոպայի խորհրդարանի 2024-ի մարտի 12-ի որոշումը, որով հաստատվում է արցախահայության՝ միջազգային ներկայության ներքո հայրենիք վերադառնալու իրավունքը: Հանձնախմբի հայտարարությունն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը ողջունում է Եվրոպական խորհրդարանի 2024 թվականի մարտի 22-ի բանաձևի 14-րդ կետում ներկայացված նախաձեռնությունը, որը միանշանակորեն հաստատում է արցախահայության՝ միջազգային ներկայության ներքո հայրենիք վերադառնալու իրավունքը:

Խորհրդարանի վճռական կոչն ընդգծում է այն իրողությունը, որ արցախահայության անվտանգությունն ու ապահովությունը չի կարող երաշխավորվել առանց միջազգային ներկայության և պաշտպանության։ Բանաձևում հայտարարված ձևակերպմանը և Արդարադատության միջազգային դատարանի որոշումներին համահունչ հանձնախումբը պատրաստ է ներգրավվել միջազգային մանդատ ունեցող գործընթացում, որն ապահովում է արցախահայության՝ անվտանգ, արժանապատիվ վերադարձը իրենց հայրենիք՝ միջազգային պաշտպանության ներքո, հարգելով նրանց ինքնորոշման իրավունքը։

Միջազգային պաշտպանության ներքո իրենց հայրենիք վերադառնալու արցախահայության իրավունքը բանակցային դիրքորոշում չէ, այլ մանդատ՝ հիմնված մարդու իրավունքների և միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքների վրա։

Հակառակ բանաձևին Ադրբեջանի ապակառուցողական արձագանքին, խորհրդարանի ներգրավվածությունն այս հարցի լուծմանը ոչ միայն արդարացված և ողջունելի է, այլև կարևոր և ծանրակշիռ: Այս հարցում Եվրոպական խորհրդարանի դիրքորոշումն ընդգծում է միջազգային վերահսկողության անփոխարինելի դերը արցախահայության՝ իրենց հայրենի հող անվտանգ և արժանապատիվ վերադարձի ապահովման, ինչպես նաև հայկական կրոնական և մշակութային ժառանգության պահպանության գործում, որը ներկայումս ամեն օր ենթարկվում է քանդման և պղծման:

Չափազանց կարևոր է անհապաղ ստեղծել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմ և ձևաչափ։ Կոչ ենք անում անդամ պետություններին և միջազգային կազմակերպություններին ակտիվորեն աշխատել հիմնարար իրավունքներից շարունակվող զրկանքների վերացման և Արցախի բնիկ ժողովրդի վերջնական ոչնչացումը կանխելու ուղղությամբ և կոչ ենք անում ԵՄ կառույցներին, ներառյալ ԵՄ գործադիրին, անհապաղ քայլեր ձեռնարկել ԵՄ բանաձևում արված կարևոր կոչերն իրականացնելու ուղղությամբ։

Հարկադիր տեղահանումը չի կարող լեգիտիմացվել որպես հակամարտությունների կարգավորման մեթոդ: Իրավիճակի լրջության գիտակցումը և խաղաղության և արդարության ապահովմանն ուղղված միջազգային ջանքերի հետ համագործակցելը իրական հաշտեցման և կայուն խաղաղության միակ ճանապարհն է»,- ասված է հայտարարությունում։

Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախումբը ստեղծվել և լիազորվել է Արցախի խորհրդարանի 2023-ի դեկտեմբերի 2-ի որոշմամբ։ Այն ղեկավարում է Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանը։ Հանձնախմբի կազմում ընդգրկված անձանց ցանկին կարող եք ծանոթանալ այստեղ։

***

Եվրախորհրդարանը մարտի 12-ին ընդունած բանաձևով առաջարկում է ԵՄ գործադիր մարմիններին՝ Եվրոպական հանձնաժողովին և Խորհրդին, դիտարկել Եվրամիությանը Հայաստանի անդամակցության թեկնածուի կարգավիճակ տրամադրելու հնարավորությունը: ԵՄ-ի և Հայաստանի միջև կապերի սերտացման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության վերաբերյալ բանաձևն ընդունվել է 504 կողմ, 4 դեմ, 32 ձեռնպահ քվեով։

Բանաձևով Եվրախորհրդարանն Ադրբեջանին կոչ է արել հարգել Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքները և երաշխավորել նրանց անվտանգությունը, արժանապատիվ և անվտանգ վերադարձն իրենց տներ՝ միջազգային ներկայության ներքո։ Ադրբեջանին նաև կոչ է արվում ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի բոլոր բնակիչներին, որոնք շարունակում են մնալ ադրբեջանական կալանքի տակ։

Մեկնաբանել