Խաղերազմ է լինելու

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը տավուշցիների հետ Ոսկեպարում, 18-ը մարտի, 2024։

Եթե լրիվ անկեղծ, ապա եթե Արցախյան պատերազմի առաջին տարում ճակատ կամավոր մեկնածների մի ստվար հատվածին հանենք, հետխորհրդային Հայաստանում ՀՀ քաղաքացիները բոլոր հնարամտություններով խուսափել են պատերազմից, բանակից, սպայական հավաքներից, իսկ պետությունը ուժով համալրել է բանակը։

Վազգեն Սարգսյանին չսիրելու հիմնական պատճառը եղել է բանակը համալրելու հարցում նրա գործադրած ուժը։ Իննսունականների պատերազմի երկրորդ հատվածում պահեստազորային տարիքի տղամարդկանց իջեցնում էին տրամվայներից, տրոլեյբուսներից ու տանում, զինկոմիսարիատներից առավոտ վաղ այցելում էին քնած բնակիչներին ու տանում հետները։ Բավականին ծանր այդ պահերն անցան պատերազմի ավարտով։

Հաջորդ երկու իշխանությունների օրոք արդեն պատերազմ չկար, բայց բանակի թեման մնում էր ամենածանրը, և համակարգը ստեղծել էր ծառայությունից խուսափելու ձևերը՝ գոյություն ունեցող բարքերին համապատասխան։

Հայաստանի Հանրապետության նորագույն շրջանում առաջին անգամ տեղի է ունենում հակառակը։

Տավուշում կայացած հանդիպումից հետո պահեստազորային տարիքի տեղացի տղամարդիկ պահանջում են զենք բաժանել իրենց։ Նրանց պետությո՛ւնը չի ստիպում։ Նրանց բռնությամբ չեն իջեցնում ավտոբուսներից, կարգախոսներով չեն լցոնում սնամեջ տարածքը։ Ճիշտ հակառակը՝ իրենք են պահանջում թշնամուն չհանձնել իրենց տարածքները, և դա անելու համար պահանջում են զինել իրենց, իսկ պետությունը համոզում է, որ կռվել պետք չէ։

Մարդիկ ուզում են ապրել իրենց գյուղերում։ Հետո տեսնում են, որ սա բավարար հիմք չէ, բացատրում են, որ Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը վտանգվում է։ Իրենք են բացատրում ու համոզում երկրի ղեկավարին։ Սա էլ բավարար հիմք չէ։

Հայաստանի հետխորհրդային շրջանում առաջին անգամ ՀՀ քաղաքացին վերադառնում է Արցախյան պատերազմի սկզբի ինքնաբուխ, պաշտպանական պարզ բնազդին՝ առանց սնամեջ ելույթների, երբ իր տան վրա սպառնալիք կա, ու ինքը որոշում ունի այն պաշտպանելու։

Բայց եթե Արցախի հարցում պետք էր հաղթահարել իրավական խոչընդոտները, ինքնորոշման իրավունքի պայքար սկսել, ապա այս դեպքում ՀՀ քաղաքացին իր՝ ՀՀ տարածքում անվտանգ ապրելու և ընդհանրապես ապրելու հնարավորության համար պատրաստ է դիմադրության։

Հայաստանի հետխորհրդային շրջանում քաղաքացին առաջին անգամ խնդրում է իրեն զինել, պետությունն ասում է՝ գործ չունեք, կմեռնեք։

Պատերազմը ատելի է նույնիսկ հաղթանակից հետո, որովհետև հետևանքները այլանդակ ծանր են։ Երկիրն ու ժողովրդին պատերազմից հեռու պահողը պետությունն է իր բոլոր լծակներով՝ մինչև այն պահը, երբ թշնամին գալիս է։ Պետությունն է պաշտպանում ժողովրդին պատերազմի հեռանկարից։ Եթե չի կարողանում, պետությունը մեղավոր է։ Մեղավոր լինելով, այնուամենայնիվ, գլխավորում է այդ պատերազմը։ Եթե լավ չի գլխավորում ու պարտվում է, իշխանությունը հեռանում է։ Բայց սա մեր դեպքը չէ։ Մերը չի հեռանում ոչ մի պարագայում։

Այն, ինչ ասում են Տավուշի տղամարդիկ, երկրի կրիտիկական պահին հասուն արական հատվածի որոշումն է։ Սա շատ լուրջ հայտ է։ Սա հնարավոր չէ անարձագանք թողնել։ Հնարավոր չէ շրջանցել։

Սա վերլուծական տեքստ չէ՝ գրված սրճարանի հարմար անկյունում, սա մեդիահարթակ չէ՝ չհիշվող ու տրիվիալ վերլուծություններով, պացիֆիստական համաժողով չէ սկանդինավյան որևէ երկրում, սա նույնիսկ մշակութային մարդաբանի վերջնագիր չէ։

Սա հասուն տղամարդկանց որոշում է՝ ասում է՝ եթե անպիտան գտնվեցիր դիվանագիտական ճանապարհով իմ երկիրը փրկելու, ուրեմն «թող զենք բաժանեն, մեր հողը պահենք»։ Տավուշցի տղամարդն ասում է՝ եթե գա տանս դիմացի բլրի վրա իր դրոշը դնի, թողնելու եմ գնամ, բա ինչ եմ անելու, զենք տուր՝ կռվենք։

Այս տղամարդիկ որոշել են կռվել այն տեղի համար, որտեղ ապրում են, որ ստիպված չլինեն տեղափոխվել Կիրովական, ինչպես իրենցից մեկն ասաց, ու հետո Կիրովականից էլ մի ուրիշ տեղ։

Ինչին ի պատասխան երկրի ղեկավարն ասում է՝ գործ չունեք, կմեռնեք։

Աբսուրդ է։

Խաղերազմ է լինելու։

Մեկնաբանել