Եթե Ադրբեջանը փորձի լայնածավալ հարձակում գործել Հայաստանի վրա, ապա Արևմուտքի համար Ալիևը կդառնա Պուտին․ այսպիսի տեսակետ հայտնեց բրիտանական Chatham House-ի Ռուսաստան և Եվրասիա ծրագրի գիտաշխատող Լոուրենս Բրոերսը Երևանում ընթացող գիտաժողովին:
Մարտի 20-ին Երևանում Կովկասի ինստիտուտի հրավիրած «Հարավային Կովկաս։ Միտումներն ու հեռանկարներն Ուկրաինական պատերազմի համատեքստում» խորագրով գիտաժողովին Բրոերսը նշեց, թե «Արևմուտքը «հստակ գծեց այն կարմիր գիծը», որից այն կողմ անցնելու դեպքում Ադրբեջանի նկատմամբ վերաբերմունքը և քաղաքականությունը լրիվ այլ կլինի:
«Այդ գիծը գծվեց 2022-ի սեպտեմբերին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակումից հետո, երբ Եվրամիության մակարդակով այն անվանվեց ագրեսիա»,- նշեց Բրոերսը` հավելելով, որ ռազմական այդ գործողություններից հետո ԵՄ-ն Հայաստան ուղարկեց դիտորդական առաքելություն, որն այնուհետև ընդլայնվեց:
Լոուրենս Բրոերսի խոսքով՝ Ադրբեջանում լավ պատկերացնում են Հայաստանի վրա լայնածավալ հարձակման հետևանքները: «Այդ ժամանակ Ալիևն Արևմուտքի համար կդառնա Պուտին: Ավելին` այժմ Արևմուտքում ավելի լավ են տեղեկացված Հայաստանի ու հայ-ադրբեջանական խնդրի մասին»,- ասաց նա` բացատրելով, թե ինչու 2023-ի սեպտեմբերին Արցախում Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների և էթնիկ զտման ժամանակ Արևմուտքը կոշտ չարձագանքեց:
«Էթնիկ փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության առումով մեխանիզմները թույլ են: Բայց ճանաչված սահմանների վրա հարձակմանը միանգամայն այլ ձև կարձագանքեն»,- ասաց նա:
Ըստ Բրոերսի՝ գիտակցելով Հայաստանի վրա լայնածավալ հարձակման հետևանքները՝ Ադրբեջանը փոխել է իր քաղաքականությունը: Այժմ այդ երկիրը Հայաստանին տարածքային փոքր պահանջներ է ներկայացում ու լոկալ սրացումների գնում, ինչպես եղավ այս տարվա փետրվարին Ներքին Հանդում: «Այժմ մենք հենց այս քաղաքականության դրսևորումներն ենք տեսնում»,- նշեց նա:
