Ակադեմիակա՞ն, թե՝ ուրվական քաղաք

Կրթությունն այն բնագավառն է, որն ամբողջ հասարակության, սոցիալական տարբեր խավերի, տարբեր սերունդների, նաև՝ քաղաքական դերակատարների կոնսենսուս է պահանջում, որովհետև այսօր տրված կրթության արդյունքները երևում են միջինում քսանից երեսուն տարի հետո։ Այսինքն, իշխանությունը հասարակության համաձայնությունը պիտի ունենա կրթության ոլորտում կարևոր փոփոխություններ կատարելու, հակառակ դեպքում, իշխանության եկած ամեն մի նոր քաղաքական ուժ կարող է առ ոչինչ համարել նախորդի իրականացրած «բարեփոխումները» և սկսել իր պատկերացրած զրոյական կետից՝ այդպիսով երկիրը վերածելով փորձադաշտի, մարդկանց՝ փորձաճագարների։

Պետք է ընդունել, որ ցանկացած նոր բան այս ասպարեզում մեծ դիմադրության է արժանանում, սակայն այս իրողությունից ելնել բեկումնային կամ հիմնարար փոփոխություններ կատարելիս չի կարելի, որովհետև այդպիսով դու բացառում ես սեփական սխալի հնարավորությունը։

Մի բան ակնհայտ է՝ ամեն մի օրենսդրական կամ անգամ մեթոդական փոփոխության անունը «ազգակործան» կամ «ազգատյաց» դնելով՝ այդ փոփոխությունների հակառակորդները իմունիտետ տվեցին իշխող ուժին անելու՝ ինչ ուզում են, կատարել իսկապես վտանգավոր քայլեր և իրապես մտահոգ մարդկանց ու շրջանակներին խցկել այդ «հետադիմական» ուժերի ցանկում։

Մինչ այժմ իրականացրած ամենամասշտաբային փոփոխությունը, որը նախաձեռնել և քայլ առ քայլ իրականացնում է ներկայիս իշխանությունը, ակադեմիական քաղաքի ծրագիրն է։ Մի նախագիծ, որը հիմնավորապես փոխում է ոչ միայն կրթության ու գիտության հեռանկարի պատկերացումները ամբողջ երկրում, այլև՝ Երևանի քաղաքային մթնոլորտն ու դիմագիծը, մշակույթը, մարդկային ու սոցիալական հարաբերությունները։

Թևև արդեն երկու տարի է, ինչ հայտարարվել է ակադեմիական քաղաքի կառուցման մասին, սակայն դրա դեմ բողոքի ալիքը միայն այս օրերին սաստկացավ։ Ինչո՞ւ։ Դրա համար կա երկու հիմնավոր պատճառ՝ չհաշված գուցե ոչ հիմնազուրկ մեկ այլ բացատրություն, թե իշխանություններին հարկավոր էր այս աղմուկը շեղելու համար մարդկանց ուշադրությունն ավելի կարևոր՝ առանց փոխադարձության Ադրբեջանին Տավուշի սահմանային գոտում տարածքներ զիջելու խնդրից։

Իսկ բուն երկու պատճառներից առաջինն այն է, որ ակադեմիական քաղաքի կառուցման կոնկրետ քայլեր ի հայտ եկան։ Գերմանական ընկերությունը ներկայացրեց այդ քաղաքի հատակագիծը։ Այս փաստը հնչեց որպես զգուշացնող զանգ, որ թեև edraft.am-ում կարծիք հայտնողների մեծ մասը դեմ էր նախագծին և ի տարբերություն կողմ արտահայտվողների, հիմնավորում էր իր դիրքորոշումը, այնուհանդերձ իշխանությունը չի պատրաստվում հրաժարվել իր այդ «գրանդիոզ» ծրագրից։ Մինչ այդ, այսօր էլ կա փորձագիտական տեսակետ, որ այն չի իրականանալու, որովհետև Հայաստանում սիրված մարզաձևի բառապաշարով ասած՝ իշխանությունն այդ ծանրաձողը գցելու է սեփական ոտքերին։

Երկրորդը՝ արվեստի բուհերի միավորման թեման էր։ Ըստ ակադեմիական քաղաքի հեղինակների՝ առաջինը կստեղծվի արվեստի կլաստերը և այն կտեղակայվի մայրաքաղաքից Աշտարակ տանող ճանապարհին մինչև 2030 թվականը։ Ըստ նախագծի, այդ կլաստերի մեջ կմիավորվեն ԳԱԱ ակադեմիայի արվեստի ինտիտուտը, մի քանի այլ հիմնարկներ, ինչպես նաև արվեստի երեք բուհերը՝ Կինոյի և թատրոնի պետական ինստիտուտը, Գեղարվեստի ակադեմիան և Պետական կոնսերվատորիան։ Բռնի այդ «ամուսնության» դեմ ըմբոստացավ Կոնսերվատորիան ու կարողացավ իր շուրջը համախմբել ոչ միայն ուսանողներին ու դասախոսական կազմը, երաժշտաշխարհի մարդկանց, այլև մտավորական շատ ավելի հոծ խմբեր։

Կոնսերվատորիայի ղեկավարության հակընդդեմ պատասխանը քիչ է ասել, թե խիստ հիմնավոր էր ու տեղին։ Այդ արդարացի դժգոհությունների կողքին ամենակարևորն այն փաստն է, որ քաղաքի կենտրոնում արդեն իսկ գործում է երաժշտական կլաստեր։ Կոնսերվատորիայի շրջակայքում են տեղակայված Օպերայի և բալետի թատրոնն ու Ֆիլհարմոնիկը, պարարվեստի ուսումնարանը, երաժշտական դպրոցներ, հենց Կոնսերվատորիայի ներսում գործում է Օպերային ստուդիան՝ Հասմիկ Պապյանի գլխավորությամբ։ Կոնսերվատորիայի ոչ միայն դասախոսները, այլև շատ ուսանողներ, ընդամենը մեկ փողոց հատելով կամ առանց փողոց անցնելու օրվա մեջ գուցե մի քանի անգամ տեսական ու գործնական պարապմունքի համար անցնում են մի տեղից մյուսը։ Այս ճարտարապետական համադրությունը պատահականություն չէ։ Առհասարակ Երևանի քաղաքաշինական ու ճարտարապետական մտահղացման մեջ այս թեման չափազանց կարևոր է։ Քաղաքի կենտրոնում երկրի վարչական շինությունները շրջապատված են գիտական, կրթական, մշակութային արդեն շուրջ մեկդարյա պատմություն և ավանդույթներ ունեցող օջախներով։ Դրանցից յուրաքանչյուրը ոչ միայն քաղաքի պատմության մի մասն է, այլև դիմագծի կարևոր ընդգծումը, հոգևոր ու նշանային խորհրդանիշը։

Հաջորդ ընդվզումը հավանաբար կլինի Գեղարվեստի ակադեմիայում, Կինոյի ու թատրոնի ինստիտուտն էլ արդեն իսկ համընդհանուր ժողովի օր է հայտարարել։ Հասկանալի է, որ նրանց հիմնավորումն էլ համահունչ է լինելու երաժիշտների պահանջներին, քանի որ երկու հաստատությունների դասախոսների մեծ մասն աշխատում է թատրոններում կամ պատկերասրահներում, հեռուստաընկերություններում, պետական կամ մասնավոր ցուցասրահներում։ Նույնը վերաբերում է ուսանողներին։ Թատրոնները նու՞յնպես քոչելու են Հայֆիլմ ստուդիայի նախկին տարածք, թե դասախոսներն ու ուսանողներն են օրվա մեջ մի քանի անգամ անցնելու այդ ճանապարհը։

Հաջորդ կլաստերներին հերթը հասնելուն պես դժգոհելու են մնացած ուսումնական հաստատությունների ուսանողներն ու դասախոսները, Ակադեմիայի գիտական ինստիտուտների աշխատակիցները։ Փաստ է, որ գիտահետազոտական ու մանկավարժական աշխատանքի համադրումն է գիտության ու կրթության միաձուլման ու ներդաշնակման կարևոր նախադրյալը, և երկու բնագավառում աշխատողները մեծ թիվ են կազմում։ Ոչ մեկը չունի պատասխան այն հարցին, թե օրինակ Մատենադարանի գիտաշխատողը, որը դասավանդում է Պետական համալսարանում, պիտի հասնի ակադեմիական քաղաք դասավանդելու և հետ վերադառնա Մատենադարան գիտական աշխատանքով զբաղվելու, պիտի հրաժարվի՞ մեկից, թե՞ Մատենադարանն էլ տեղափոխվելու է Աշտարակի խճուղի։ Վերջապես, ինչպիսի՞ն է լինելու Ազգային գրադարանի ճակատագիրը։ Անհերքելի է, որ առանց ուսանողների, ասպիրանտների, գիտաշխատողների այն կորցնելու է իր ընթերցողների մեծագույն մասին և դառնալու է հեշտ կլանելի։

Այսքանով հանդերձ, ամենախնդրահարույցը ուսանող երիտասարդությունից քաղաքը «ազատելու» տխուր հեռանկարն է։ Ո՞վ է լցնելու այդ բացը։ Ի՞նչ մայրաքաղաք առանց ուսանողության, առանց ջահելների։ Չկա մայրաքաղաք, որի Կոնսերվատորիան քաղաքում չլինի, չկա մայրաքաղաք, որ չունենա համալսարաններ։ Հանուն ինչի՞ ենք գնում մայրաքաղաքի նկարագրի ու հոգևոր բովանդակության աղճատման այդպիսի ռիսկի։

Ակադեմիական քաղաքի ծրագրի հեղինակները մեկ պատճառաբանություն ունեն՝ հանուն ավելի որակյալ կրթության։ Այս տարակուսելի հեռանկարի պնդման կողքին ավելի հոռետեսները կարծում են, թե դա արվում է ի պետս քաղաքի կենտրոնում գտնվող ուսումնական հաստատությունների ու գիտական կենտրոնների շենքերի սեփականացման հնարավորություն ունեցողների մեծ ախորժակի բավարարման։ Վերջինների կարծիքով՝ ակադեմիական քաղաքը կմնա կիսակառույց, իսկ նշյալ շինություններն արդեն մասնավորեցված կլինեն։

Այդ տագնապի ազդեցությամբ է աստիճանաբար ուժգնանում ձայնը, որն ասում է՝ եթե ուզում եք քաղաքն իսկապես բեռնաթափել, պետական գերատեսչությունները տարեք քաղաքից դուրս ու ստեղծեք նոր վարչական ավան։

Մեկնաբանել