Մարտի 19-20-ը Հռոմում տեղի են ունեցել Հայաստան-Իտալիա պաշտպանական խորհրդակցություններ, որոնց ավարտին ստորագրվել է Հայաստան-Իտալիա ռազմական համագործակցության տարեկան ծրագիրը։ Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ հավելելով, որ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ։
Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանը։
«Խորհրդակցությունների ընթացքում ՀՀ ՊՆ պատվիրակությունն Իտալիայի պաշտպանության նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, պաշտպանական քաղաքականության պետ, գեներալ-մայոր Էնրիկո Բարդուանիի և ԳՇ միջազգային համագործակցության բաժնի պետ, գնդապետ Մատտիա Զուզզիի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում Հայաստան-Իտալիա համագործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Լևոն Այվազյանը ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը և զինված ուժերում ընթացող բարեփոխումները»,- ասված է հաղորդագրությունում։
2023-ի նոյեմբերին Իտալիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, ծովակալ Ջուզեպպե Կավո Դրագոնեն այցելել էր Հայաստան, նա քննարկել էր հայ-իտալական պաշտպանական համագործակցությանն առնչվող հարցեր։