Ձերբակալվել է «Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը։
Քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանը հայտնում է, որ Սամսոնյանը ձերբակալվել է ՔԿ-ում քննվող քրեական վարույթի շրջանակներում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանությունը)։
Համացանցում հրապարակված տեսանյութում երևում է, որ իրավապահները Սամսոնյանին ձերբակալում են գետնին տապալելով։
Նարեկ Սամսոնյանի ձերբակալման վերաբերյալ համացանցում տարածված տեսանյութի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ սկսվել է ուսումնասիրություն, որի շրջանակում արագ արձագանքման այց է իրականացվել, և այս պահին Պաշտպանի ներկայացուցիչները գտնվում են ՀՀ ՆԳՆ ոստիկանության բաժնում:
Ավելի ուշ ձերբակալվել է նաև ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Արման Սաղաթելյանի եղբայրը՝ Վազգեն Սաղաթելյանը։
Վազգեն Սաղաթելյանն ու Նարեկ Սամսոնյանը միասին վարում են «Իմնեմնիմի» փոդքաստը։
Քննչական կոմիտեն հաղորդում է, որ քրեական հետապնդումը հարուցվել է այն բանի համար, որ Սամսոնյանն ու Սաղաթելյանը «տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով, նշված հաղորդման ընթացքում հանդիսանալով տվյալ հաղորդման վարողներ, գիտակցելով բազմահազարանոց լսարանի առկայությունը, ուղղակի դիտավորությամբ կատարել են խուլիգանություն, այն է՝ հասարակության նկատմամբ անհարգալից և բարոյական նորմերի նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորելով, հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ են հնչեցրել ՀՀ կառավարության անդամների և իշխանության ներկայացուցիչների հասցեին»։