Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հարցազրույցներում պարբերաբար դժգոհում է՝ ահազանգելով Հայաստանի կողմից շարունակաբար հարյուր միլիոնավոր դոլարների զինամթերք ձեռք բերելու կապակցությամբ։ Միևնույն ժամանակ, Ադրբեջանն ինքն է շարունակում զինվել և սպառազինության ձեռքբերման նոր պայմանագրեր կնքել։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել էր, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում՝ միլիարդներ ծախսելով սպառազինությունների ձեռք բերման վրա։
#CivilNetCheck-ը, օգտվելով տեղեկատվության բաց աղբյուրներից, փորձել է հասկանալ՝ Հայաստանն ու Ադրբեջանը 44-օրյա պատերազմից հետո ինչ սպառազինություն են ձեռք բերել, որքան գումար են ուղղել բյուջեից պաշտպանական ծախսերի համար։
Հայաստանի և Ադրբեջանի ռազմական ծախսերը պատերազմից հետո, համագործակցությունն այլ երկրների հետ
Ե՛վ Հայաստանի, և՛ Ադրբեջանի պաշտպանական ոլորտին ուղղված ծախսերը 44-օրյա պատերազմից հետո աճել են։
2020-ին Հայաստանը պաշտպանական ոլորտին ուղղել էր 785 միլիոն դոլար, 2021-ին ծախսերը կազմել էին մոտ 663 միլիոն դոլար, 2022-ին փաստացի ծախսերը կազմել էին` 1,09 միլիարդ դոլար, 2023-ին նախատեսված ու փաստացի կատարված ռազմական ծախսերը նախորդ տարիների համեմատ կտրուկ մեծացել են՝ կազմելով 1,3 միլիարդ դոլար։ 2024-ին Հայաստանը նախատեսել է ուղղել 1,4 միլիարդ դոլար։
Ադրբեջանը ևս բավականին մեծացրել է ռազմական բյուջեն։ 2020-ին Ադրբեջանի՝ պաշտպանական ոլորտին ուղղված ծախսերը կազմել են 2,2 միլիարդ դոլար, 2021-ին՝ 2,7 միլիարդ, 2022-ին՝ 2,8 միլիարդ, 2023-ին շարունակել են աճել՝ կազմելով 3,3 միլիարդ դոլար։
2024-ին Ադրբեջանը էլ ավելի է մեծացրել ռազմական բյուջեն՝ հասցնելով 3,7 միլիարդ դոլարի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և այլ պաշտոնյաներ այս ընթացքում բազմիցս խոսել են անվտանգային ոլորտի հարաբերությունների դիվերսիֆիկացիայի մասին։
Վերջին շրջանում Հայաստանը սկսել է գործուն կերպով համագործակցել Հնդկաստանի, Ֆրանսիայի, Հունաստանի և Կիպրոսի հետ։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա 2021-ին Բաքուն և Անկարան ստորագրել են «Շուշիի հռչակագիրը», որը նախատեսում է համագործակցություն, եթե որևէ երկրի սպառնում է երրորդ պետություն։ Ադրբեջանը ստորագրել է նաև երկկողմ ռազմական համագործակցության համաձայնագրեր Ուզբեկստանի, Ղազախստանի, Սերբիայի հետ։
Սպառազինություն գնելուց բացի, Ադրբեջանը ավելացնում է սեփական ռազմական արտադրանքի ծավալները։ 2024-ին Ադրբեջանը ռազմական արտադրությանը 1 միլարդ մանաթ (588 միլիոն դոլար) է նախատեսում ուղղել։
Ռազմարդյունաբերության զարգացմանը շարունակաբար գումարներ է ուղղում նաև Հայաստանը, սակայն փաստացի ծախսերը թերակատարվում են։

Ի՞նչ զենքեր է ձեռք բերել Հայաստանը 2020-ից հետո՝ ըստ բաց աղբյուրների
Ռուսաստան
Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների համաձայն՝ Երևանի զենքի երբեմնի հիմնական մատակարար Ռուսաստանից 2022-ին Հայաստան է առաքվել 4 միավոր Մի–8 ուղղաթիռ։ Հայաստանը դրանք պատվիրել էր 2020-ին:

Վերջին տարիներին Հայաստանի տարբեր պաշտոնյաներ բազմիցս դժգոհել են, որ վճարված գումարի դիմաց Ռուսաստանը Հայաստանին զենք չի մատակարարել։
Վերջերս, սակայն, իշխանական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել էր, որ ռուսական զենքի մի խմբաքանակ արդեն Հայաստանում է։ Թե ինչ զենքի մասին է խոսքը գնում, հայտնի չէ։
Ֆրանսիա
2023-նոյեմբերին Վրաստանի տարածքով Հայաստան է առաքվել 24 միավոր «Բաստիոն» զրահամեքենա։ Իսկ Ֆրանսիայի 2024 թվականի ֆինանսական օրինագծի շրջանակում սենատորների կարծիքի համար պատրաստված զեկույցում ասվում էր, որ Հայաստանի զինված ուժերը մոտ 50 «Բաստիոն» զրահամեքենա կստանան։ Այսինքն՝ ևս 26-ը պետք է առաքվեր։
#CivilNetCheck-ը մանրամասն անդրադարձել է «Բաստիոն» զրահամեքենաների տեխնիկական ունակություններին։

2024-ի փետրվարի 24-ին ֆրանսիական Le Figaro-ն գրեց, որ Ֆրանսիան Հայաստան կառաքի երեք GM 200 ռադար և գիշերային տեսանելիության սարքեր։
GM 200 (Ground master) միջին հեռավորության բազմաթիրախային ռադար է։ GM 200-ը հայտնաբերում է, նույնականացնում և հետևում է թիրախին՝ բոլոր տեսակի միջավայրերում և փոխանցում տեղեկատվություն ցամաքային հակաօդային պաշտպանությանը (ՀՕՊ)՝ թիրախը խոցելու համար:
Ենթադրվում է, որ սա կարող է օգնել Հայաստանին փոքր դրոնների դեմ պայքարում, որը, ինչպես ցույց տվեց 44-օրյա պատերազմը, Հայաստանի զինուժի ամենախոցելի տեղերից մեկն է։ Ռադարի առավելություններից մեկն այն է, որ այն փոխադրվում է բեռնատարով և կարող է գործարկվել 15 րոպեի ընթացքում։

Հնդկաստան
Ֆրանսիայից բացի, Հայաստանն ակտիվացրել է ռազմական համագործակցությունը Հնդկաստանի հետ։
Ըստ Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների՝ 2021-ին Հնդկաստանից Հայաստան է առաքվել չորս Swathi ռադար, որոնք Հայաստանը պատվիրել էր դեռ 2020-ի առաջին եռամսյակում։
Swathi ռադարը նախատեսված է հայտնաբերելու և հետևելու հակառակորդի արձակած հրետանային արկերին և հրթիռներին, ինչպես նաև որոշելու դրանց արձակման տեղը։

2022-ի սեպտեմբերին հնդկական The Economic Times պարբերականը գրել էր, որ Հնդկաստանը Հայաստանին մատակարարելու է 244 միլիոն դոլար արժողությամբ զենք և զինամթերք, մասնավորապես, «Պինակա» hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային միջոցներ և այլ զինամթերք:

2023-ի ապրիլին Հնդկաստանի պաշտպանության նախարարության՝ արտահանվող զենքի վերաբերյալ ցանկից պարզ դարձավ, որ Հայաստանը պատվիրել է MArG 155 տեսակի ինքնագնաց հաուբիցներ։

2023-ի սեպտեմբերին հնդկական Bharat Forge ընկերության նախագահ Բաբա Կալյանին հայտարարել էր, որ Հայաստան է մատակարարվել 155 մմ տրամաչափի ATAGS հաուբիցներ։ Նշվում էր, որ մատակարարված վեց քարշակվող հաուբիցները առաջին խմբաքանակն են։ Հնդկական աղբուրները պնդում են, որ Հայաստանն պատիրել է ընդհանուր 90 ATAGS հաուբից։ Պայմանագրով նախատեսվում է մնացած 84 ATAGS հաուբիցները մատակարարել փուլերով՝ երեք տարվա ընթացքում։
ATAGS համակարգը կարող է օգտագործվել հեռահար կառավարվող զինամթերքի կրակոցների համար մեծ ճշգրտությամբ և բարձր հեռահարությամբ:

The Eurasia Times-ը գրել էր, որ 2023-ին Հայաստանը պայմանագիր է կնքել Հնդկաստանում մշակված Zen հակադրոնային համակարգ (ZADS) գնելու համար: Ըստ լրատվամիջոցի աղբյուրի՝ պայմանագրի արժեքը կազմել է 41,5 միլիոն դոլար։ Նշվում էր, որ պայմանագրով նախատեսված է ոչ միայն հակադրոնային համակարգերի մատակարարում, այլև օպերատորների պատրաստում։
Հակադրոնային համակարգն աշխատում է անօդաչու թռչող սարքերի հայտնաբերման, դասակարգման, հետևելու, տեսախցիկի սենսորների և սպառնալիքների չեզոքացման վրա։

Հնդկական ETV Bharat-ը 2023-ին գրել էր, որ Հնդկաստանը գործարք է կնքել Հայաստանի հետ Akash հակաօդային հրթիռային համակարգերի մատակարարման վերաբերյալ։ Իսկ 2024-ի մարտի 9-ին արդեն հնդկական աղբուրները գրեցին, որ Հնդկաստանը պատրաստվում է 2025-ի տարեսկզբին Հայաստան առաքել Akash ՀՕՊ համակարգի առաջին խմբաքանակը։
Akash հրթիռային համակարգը կարող է թիրախավորել ինքնաթիռները մինչև 45 կիլոմետր հեռավորության վրա։ Այն կարող է չեզոքացնել այնպիսի օդային թիրախներ, ինչպիսիք են կործանիչները, թևավոր հրթիռները և «օդ-երկիր» հրթիռները:

Ի՞նչ զենքեր է ձեռք բերել Ադրբեջանը 2020-ից հետո՝ ըստ բաց աղբյուրների
Թուրքիա
Ստոկհոլմի խաղաղության հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) տվյալների համաձայն՝ 2023-ին առաքվել է 20 միավոր Bayraktar TB-2 տեսակի անօդաչու թռչող սարք, որն Ադրբեջանը գնել էր Թուրքիայից դեռևս 2020-ին։
2024 թվականի փետրվարի 9-ին Ադրբեջանի նախագահի գրասենյակը հայտնել էր, որ Իլհամ Ալիևը այցելել է ռազմաօդային ուժերի ռազմաբազա՝ դիտելու ձեռքբերված թուրքական նոր AKINCI-ի դրոնները։
Ադրբեջանի կողմից AKINCI հարվածային ԱԹՍ-ների գնման մասին դրանք արտադրող Baykar ընկերության գործադիր տնօրեն Սելջուք Բայրաքթարը խոսել էր դեռևս 2022-ին։
Իսկ 2023-ի ապրիլին արդեն Baykar ընկերության և Ադրբեջանի միջև ստորագրվել էր փոխըմբռնման հուշագիր՝ ԱԹՍ-ների համատեղ արտադրության մասին։
Ադրբեջանը 2020-ի պատերազմին լայնորեն կիրառել էր թուրքական Bayraktar TB2 ԱԹՍ-ները, ինչպես օդային հետախուզության, այդպես էլ ճշգրիտ հարվածների համար։ AKINCI-ին, համեմատած Bayraktar TB2-ի, կարող է ավելի բարձր թռչել, օգտագործվող հրթիռների ու զինամթերքի տեսականին ավելի լայն է։

Իսրայել
44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանը շարունակում է Իսրայելից մեծ քանակությամբ զենք գնել։ Իսրայելական Haaretz պարբերականը 2023-ի մարտին հետաքննություն էր հրապարակել, որում նշվում էր, որ 2016-ից մինչև 2023-ի մարտ ադրբեջանական բեռնատար ինքնաթիռներն առնվազն 92 վայրէջք են կատարել Իսրայելի «Օվդա» ավիաբազայում: Պարբերականը նշում է, որ «Օվդան» Իսրայելի միակ օդանավակայանն է, որի միջոցով օդային ճանապարհով պայթուցիկներ են ներմուծվում կամ արտահանվում երկրից:
2023-ի նոյեմբերին Defense Industry Europe կայքը գրեց, որ Ադրբեջանը Իսրայելից հավելյալ հակաօդային պաշտպանության միջոցներ է գնելու։ Գործարքի գումարը կազմելու էր 1,2 միլիարդ դոլար։ Ադրբեջանը Իսրայելից գնել է Բարաք Մ-Իքս (Barak MX) ՀՕՊ համակարգը։ Ադրբեջանի ՊՆ-ն նաև հայտնել էր համակարգի փորձարկման մասին։

Իսրայելական պաշտպանական հսկա Elbit Systems-ը 2023-ի հուլիսին տեղեկություն էր հրապարակել Ադրբեջանի հետ 150 միլիոն դոլարի պայմանագիր կնքելու մասին։ Պայմանագրով ընկերությունը պարտավորվում է մատակարարել PULS (Precise and Universal Launching Systems) հրթիռային կայաններ և ճշգրիտ կառավարվող հեռահար հրթիռների փաթեթներ։
PULS հրթիռները կրակում են մինչև 300 կիլոմետր հեռավորության վրա և ունեն հրթիռների մի քանի տեսակներ։

2024-ի մարտին ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով իսրայելական լրատվամիջոցներին, գրել էին, որ Ադրբեջանը Իսրայելից գնել է Sky Dew աերոստատ։ Այն կարող է մինչև 250 կմ հեռավորության վրա հայտնաբերել ինքառիթներ, արձակված հրթիռներ, ԱԹՍ-ներ և այլն։ Sky Dew-ի ձեռքբերումը, սակայն, հաստատված չէ։

2023-ին Ադրբեջանը զենք է գնել նաև եվրոպական երկրներից։
Իտալիա
2023-ի հունիսին իտալական Leonardo ռազմական ընկերությունը մամուլի հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ պայմանագիր է ստորագրվել Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ, որի համաձայն՝ վաճառելու է երկու C-27J ռազմատրանսպորտային ինքնաթիռ։ Կազմակերպության մամուլի հաղորդագրության մեջ նաև նշվում էր, որ Ադրբեջանն ու Իտալիան ընդլայնում են համագործակցությունը ոչ միայն էներգետիկ, այլև պաշտպանական արդյունաբերության ոլորտներում։ Նշենք նաև, որ Իտալիան Ադրբեջանից ամենախոշոր նավթ գնող երկրներից է Եվրոպայում։

Պակիստան
Արդեն 2024-ի փետրվարին հրապարակված պակիստանյան Air Operation Syndicate հրատարակության զեկույցի համաձայն՝ Ադրբեջանը Պակիստանից գնելու է JF-17C Block III ժամանակակից կործանիչներ։

Զեկույցում նշվում է, որ դրանք փոխարինելու են Ադրբեջանի արսենալում եղած ռուսական Միգ-29-երին (MIG-29): Այս տեղեկությունը, սակայն, ևս հաստատված չէ։ Ադրբեջանի կողմից այս կործանիչների գնման մասին պարբերաբար խոսվում է ավելի քան տասը տարի։
Սերբիա
2024-ին World Defense News կայքը գրեց, որ փետրվարին Ադրբեջանն ավարտել է բանակցությունները Սերբիայի հետ և 339 միլիոն դոլարի պայմանագիր ստորագրել հրետանային համակարգերի գնման վերաբերյալ։ Նշվում է, որ ըստ պայմանագրի՝ Սերբիան պարտավորվում է 48 միավոր Nora-B 52NG հաուբից մատակարարել։
Ինքնագնաց հաուբիցը արձակում է 155 մմ տրամաչափի ՆԱՏՕ-ի ստանդարտի արկեր, որոնք ներկայում առկա չեն Ադրբեջանի սպառազինությունում։ Հաուբիցը թույլ է տալիս խոցել մեծ հեռավորության վրա տեղակայված թիրախներ:

2023-ի սեպտեմբերին Արցախի վրա հարձակման, ապա՝ արցախցիների բռնի տեղահանությումից հետո Ադրբեջանը հրապարակել էր տվյալներ արցախցիների հանձնած զենք-զինամթերքի վերաբերյալ։ Արդեն 2024-ի մարտի 14-ին Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել էր, որ 2023-ին Ղարաբաղում առգրավվել է 1 մլրդ դոլարի, իսկ 2020-ին՝ մոտ 5 մլրդ դոլարի սպառազինություն։
Ադրբեջանի ՊՆ-ի վերջին՝ 2023-ի հոկտեմբերի 2-ին հրապարակած տվյալներով 2023-ին ԼՂ-ի վրա հարձակման արդյունքում առգրավվել են հարյուրավոր հրանոթներ, ՀՕՊ համակարգեր, զրահատեխնիկա, մեքենաներ, մեծ քանակությամբ ռազմամթերք և այլն։

Այսպիսով, վերջին տարիներին և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը մեծացրել են ռազմական ոլորտին ուղղված ծախսերը։ Եթե նախկինում Հայաստանը հիմնականում զենք էր գնում Ռուսաստանից, ապա վերջին շրջանում սկսել է զենք գնել նաև Հնդկաստանից և Ֆրանսիայից։ Ադրբեջանն իր հերթին, թեև դժգոհում ու ահազանգում է Հայաստանի զինվելու մասին, սակայն շարունակում է միլիարդավոր դոլարներ ծախսել հարձակողական սպառազինություն ձեռք բերելու վրա։