Պահանջում են «Հարսանաքարի» գործով դատավորի ինքնաբացարկը

Այս պահին Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ ընթանում է «Հարսնաքարի» գործով հերթական դատական նիստը:

«Հարսանաքարի» գործով մեղադրյալների պաշտպանները դատավոր Դավիթ Հարությունյանի ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացրել: Իրենց այդ որոշումը պատճառաբանել են այն հանգամանքով, թե իբր դատավորը կանխակալ մոտեցում է ցուցաբերում` հօգուտ Վահե Ավետյանի իրավահաջորդի ներկայացուցիչների: Որպես կողմնակալության ապացույց` նրանք նշում են, որ դատավորը չէր բավարարում իրենց բողոքն առ այն, որ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Տիգրան Եգորյանն իր 20 միջնորդություններում հրապարակել է ամբաստանյալների և վկաների ցուցմունքներ, ինչը, նրանց խոսքով, օրենքն արգելում է: Դատավորը թեև նրանց բողոքն ընդունել է ի գիտություն, սական հնարավորություն է տալիս պաշտպանին շարունակել ներկայացնել միջնորդությունները:

Տիգրան Եգորյանը ՍիվիլՆեթի հետ զրույցում նշեց, որ օրենքը ցուցմունքների հրապարակման որևէ արգելք չի սահմանում:

Այժմ դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ` որոշում կայացնելու դատավորի ինքնաբացարկի վերաբերյալ:

Հիշեցնենք, որ 2012թ. հունիսի 17-ին Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում դաժան ծեծի էին ենթարկվել մի քանի ռազմական բժիշկներ, որոնցից մեկը` ՊՆ կենտրոնական կայազորի ռազմական հոսպիտալի ԼՈՌ բաժանմունքի պետ, բուժծառայության մայոր Վահե Ավետյանը, ստացված վնասվածքներից հունիսի 29-ին հիվանդանոցում մահացել էր:

Մեկնաբանել