Ահաբեկչություն Մոսկվայի Crocus City Hall համերգասրահում․ գլխավորը ժամը 1:00-ի դրությամբ
– ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը հաստատել է 40 զոհի և 100-ից ավելի վիրավորի մասին տեղեկությունը։
– Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը հայտարարել է, որ Կիևը որևէ կապ չունի հարձակման հետ։
– Հարձակման պատասխանատվությունը դեռ ոչ մեկն իր վրա չի վերցրել։
– Ռոսգվարդիան հայտարարել է, որ հատուկ ջոկատայինները ահաբեկչության վայրում փնտրում են հանցագործներին։
– Մոսկվայում չեղյալ են հայտարարել բոլոր զանգվածային միջոցառումները։
– Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը ցավակցել է Ռուսաստանին՝ Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ։ Ցավակցություն են հայտնել մի շարք այլ պետություններ ևս։
– Տուժածների կամ զոհերի շրջանում հայերի մասին տեղեկություններն այս պահին ճշտվում են, հայտնել ՀՀ ԱԳՆ-ն։
***
Անհայտ անձինք կրակ են բացել Մոսկվայի մարզի Crocus City Hall համերգասրահում, որտեղ ընթանում էր «Պիկնիկ» խմբի համերգը։ Շենքում պայթյուն է որոտացել, հրդեհ է բռնկվել։ Համերգասրահի շենքի մեծ մասն այրվում է, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
Նախնական տվյալներով՝ կան զոհեր և վիրավորներ։
Կրակոցներից հետո Կրոկուսի քաղաքապետարանում պայթյուն է որոտացել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
Իրավապահ մարմիններից պաշտոնական տեղեկություն չկա կատարվածի և հնարավոր զոհերի մասին։ Ռուսական լրատվական գործակալությունների փոխանցմամբ՝ դեպքի վայր են մեկնել Մոսկվայի «Օմոնը», հրշեջներ։
Baza Telegram ալիքը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ հրաձգության հետևանքով 12 մարդ է զոհվել, 35-ը՝ վիրավորվել։ Telegram 112 ալիքն էլ, հղում անելով իր աղբյուրին, հայտնում է 40 զոհի և ավելի քան 100 վիրավորի մասին։
«ՌԻԱ Նովոստին» հայտնում է, որ կամուֆլյաժ համազգեստով երեք մարդ սկսել է կրակել ինքնաձիգներով և ներխուժել համերգասրահ։
Դրանից հետո, ըստ գործակալության թղթակցի, հարձակվողները նռնակ կամ հրկիզող ռումբ են նետել, ինչից հրդեհ է բռնկվել, որի տեսանյութերն տարածվում են սոցիալական ցանցերում։
«Դահլիճում գտնվող մարդիկ կրակոցներից խուսափելու համար պառկել են հատակին, 15-20 րոպե պառկել են, որից հետո սկսել դուրս սողալ։ Շատերին հաջողվել է դուրս գալ»,- իր թղթակցի խոսքերն է փոխանցում «ՌԻԱ Նովոստին»։
Ըստ Baza Telegram ալիքի՝ հրդեհի պատճառով ավելի քան 100 մարդ արգելափակված է Crocus City Hall-ի շենքում։
Պիկնիկ խմբի համերգային տնօրեն Յուրի Չերնիշևսկին Meduza-ին ասել է, որ խմբի բոլոր անդամներին հաջողվել է դուրս բերել դահլիճից, և հանդիսատեսները նույնպես տարհանվել են։
«Իզվեստիան», վկայակոչելով ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությանը, գրում է, որ հրշեջները Crocus City Hall-ի նկուղից դուրս են բերել 100 մարդու։
Crocus City Hall-ում հրդեհի տարածքը կարող է կազմել մինչև 3000 քառակուսի մետր, հայտնում է «Ինտերֆաքսը»։ Հաղորդվում է, որ մասնակի փլուզվել է շենքի տանիքը։