Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ չորս ոչ անկլավային գյուղերը Ադրբեջանին հանձնելու հայտարարությանը, ասել է՝ «մենք հող հանձնող չենք»։
Ինչ վերաբերում է հայտարարությանը, որ եթե հողերը չհանձնենք, պատերազմ կլինի, Ասրյանը լրագրողների հետ զրույցում նշել է․ «Պատերազմը կարող է լինել մեկ ժամ հետո, երկու ժամ հետո, երեք ժամ հետո, մեկ տարի հետո, երկու տարի հետո, հինգ տարի հետո»։
***
Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը մարտի 9-ին հայտարարություն էր տարածել՝ Հայաստանից պահանջելով անհապաղ վերադարձնել չորս գյուղերը, որոնք, ըստ Բաքվի, Ադրբեջանի Ղազախի շրջանի մասն են։ Ներկայում այդ գյուղերն ընդգրկված են Հայաստանի Տավուշի մարզում։ Դրանք են Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը (Աղաշը), Խեյրիմլին և Կըզըլ Հաջիլին։
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում տեղի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ սահմանագոտում Ադրբեջանի պահանջած չորս ոչ անկլավային գյուղերը տրվելու են Ադրբեջանին, որպեսզի «պատերազմ թույլ չտանք»։
«Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք։ Մենք կարող ենք էստեղից դուրս գալ, գնանք ասենք՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Ես գիտեմ՝ ինչ է լինելու այդ պատերազմի վերջում»,- ասել է Փաշինյանը։