Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ առանց վերապահումների աջակցում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությանը։ Այդ մասին Կոբախիձեն ասել է մարտի 25-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Ես, իհարկե, արտահայտել եմ իմ երախտագիտությունն իմ գործընկեր վարչապետ Փաշինյանին, որն աջակցում է Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։ Ես, իհարկե, առանց վերապահումների աջակցում եմ Հայաստանի տարածքային ամբողջականությանը»,- հայտարարել է Վրաստանի վարչապետը։
Կոբախիձեի խոսքով՝ Վրաստանն աջակցում է Հարավային Կովկասում կայունություն, խաղաղություն հաստատելու ջանքերին։
«Ընդգծել եմ համատեղ ջանքերի կարևորությունը, որ կարողանանք պայքարել տարածաշրջանի մարտահրավերների դեմ։ Մենք, իսկապես, հուսով ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը կստորագրվի։ Վրաստանը պատրաստ է դրականորեն աջակցել այդ գործընթացին»,- նշել է նա։