Արցախցիների բնակարանային ծրագրի հայեցակարգը վերջնականացման փուլում է

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրի հայեցակարգային մոտեցումների վերաբերյալ քննարկումները վերջնականացման փուլում են․ այս մասին ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակից։

«Բնակարանային մատչելիության հնարավոր մեխանիզմների վերաբերյալ քննարկումներ են իրականացվել մասնագիտացված հանրույթի, հասարակական կազմակերպությունների և մասնավոր հատվածի, այլ շահակիրների, այդ թվում` Լեռնային Ղարաբաղի հասարակական հատվածը ներկայացնող տարբեր խմբերի և անհատների ներգրավմամբ»,- ասված է գրավոր պատասխանում։

Փետրվարի 24-ին Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը Հանրային հեռուստաընկերության հետ հարցազրույցում ասել էր, որ աջակցության չափը մեկ անձի հաշվով նախատեսվում է շուրջ 3 մլն դրամ՝ բնակարան գնելու կամ կառուցելու համար։ Ըստ փոխվարչապետի՝ այդ ծրագիրը թույլ կտա բոլորին բնակարանով ապահովել հինգ տարվա ընթացքում, քանի որ բանկային համակարգը մեկ անգամից ի զորու չի լինի վճարել այդքան գումար, ինչը կազմում է մոտ 400 մլրդ դրամ։

Տիգրան Խաչատրյանի հարցազրույցից հետո Արցախի Ազգային ժողովի բոլոր խմբակցությունները փետրվարի 28-ին հայտարարեցին, որ մինչ այժմ իրականացված որևէ ծրագիր չի քննարկվել Արցախի ժողովրդի կողմից լեգիտիմ մանդատ ունեցող որևէ կառույցի, այդ թվում՝ Ազգային ժողովի հետ։

Մարտի 6-ին արցախյան հասարակական կազմակերպությունները ՀՀ կառավարությանը՝ ի դեմս փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, բաց նամակ են հղել Արցախի ժողովրդի բնակարանային ապահովման ծրագրի վերաբերյալ։ Նամակում ասվում է՝ «այս ծրագիրը, միանշանակ, պետք է նպաստի Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված անձանց միասնականությանը, ինքնության պահպանմանն ու արտագաղթի բացառմանը, ինչպես նաև ՀՀ ժողովրդագրական ու տնտեսական զարգացման որոշ խնդիրների լուծմանը»:

2024-ի մարտի 12-ի դրությամբ՝ Հայաստանից մեկնել է 13 987 անձ, վերադարձել՝ 5 964-ը, բացասական սալդոն կազմում է՝ 8 023 անձ։ Տեղեկությունը ՍիվիլՆեթին տրամադրել է Հայաստանի ԱԱԾ-ն։

Տիգրան Խաչատրյանի գրասենյակը ՍիվիլՆեթի մի շարք հարցեր անպատասխան է թողել։ Օրինակ՝ «փոփոխության կենթարկվի՞ արդյոք Լեռնային Ղարաբաղի բռնի տեղահանված աջակցության չափը մեկ անձի հաշվով», «ինչո՞ւ է տեղահանված անձանց բնակարանային ապահովման աջակցության ծրագիրը այսքան երկարաձգվել», «լինելո՞ւ է արդյոք փոքրակազմ (մինչեւ 3 անդամ) ընտանիքների նկատմամբ առանձնահատուկ մոտեցում», «արդյո՞ք ծրագրի իրագործման ժամկետի փոփոխություն կլինի» և այլն։

«Հարցմամբ ակնկալվող մյուս մանրամասները հնարավոր կլինի ներկայացնել ծրագրի վերջնականացումից հետո»,- ասվում է նամակում։

Մեկնաբանել