Շոթա Կինչա, OC Media
Վրաստանի իշխող կուսակցությունը հայտարարել է, որ նախատեսում է Սահմանադրությունում լայնածավալ փոփոխություններ կատարել, որոնք կարգելեն ԼԳԲՏՔ համայնքի մասին «քարոզչությունը», ներառյալ հանրային ցույցերը կամ հրապարակումները, որոնք, ըստ իշխանությունների, «նպաստում են նույնասեռ ընտանիքների առաջացմանը կամ նույնասեռ ինտիմ հարաբերություններին»: Առաջարկվող փոփոխությունները նաև կարգելեն սեռափոխությունը։
Փոփոխությունները երկուշաբթի առավոտյան տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացրել է իշխող Վրացական երազանքի խորհրդարանական խմբակցության ղեկավար Մամուկա Մդինարաձեն։
«Ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանության մասին» Վրաստանի սահմանադրական օրենքի նախագիծը կարգելի ցանկացած հավաք, արտադրանք կամ կրթական ծրագիր, որը նպաստում է այնպիսի երևույթների «տարածմանը», ինչպիսիք են՝
- «Նույնասեռ ընտանիքները կամ նույնասեռ ինտիմ հարաբերությունները»,
- «Նույնասեռ կամ ոչ հետերոսեքսուալ» զույգի կողմից երեխայի որդեգրումը,
- Սեռափոխությունը,
- Գաղափարը, որ կա ավելի քան երկու սեռ,
- Ինցեստը։
Այս փոփոխություններով նաև կարգելվի սեռափոխության նպատակով ցանկացած բժշկական օգնություն կամ սեռի իրավական ճանաչում տրանսգենդեր մարդկանց համար:
Կուսակցությունը հայտարարել է, որ նախատեսում է Սահմանադրության 30-րդ հոդվածում ավելացնել տող, որում ասվում է, որ «ընտանեկան արժեքների և անչափահասների պաշտպանությունն ապահովվում է Վրաստանի սահմանադրական օրենքով, որը Վրաստանի Սահմանադրության անբաժանելի մասն է»։ Սա հղում կլինի վերոնշյալ ապագա սահմանադրական օրենքին:
Ներկայում իշխող կուսակցությունը խորհրդարանում ունի 150 մանդատներից 82-ը միայն, ինչը շատ քիչ է սահմանադրական փոփոխություններն ուղղակիորեն իրականացնելու համար անհրաժեշտ 113 մանդատից: Եթե փոփոխություններին աջակցի առնվազն 100 պատգամավոր, այսինքն՝ պատգամավորների 2/3-րդը, ապա դրանք կարող է հաստատել հաջորդ գումարման խորհրդարանը՝ 100 պատգամավորի մեկ այլ քվեարկությամբ։
Մդինարաձեն նաև տեղեկացրել է, որ կուսակցությունը նախատեսում է իրականացնել հարակից այլ փոփոխություններ, որոնք ընդունելու համար կպահանջվի ձայների պարզ մեծամասնությունը՝ 76 քվե:
Նման փոփոխությունները կարող են լրջորեն վնասել ԵՄ-ին Վրաստանի անդամակցության գործընթացը: ԵՄ անդամակցության պահանջների շարքում ԵՄ հանձնաժողովը նշել է, որ Վրաստանը, որպեսզի առաջ մղի անդամակցության գործընթացը, պետք է «արագ քայլեր ձեռնարկի խոցելի խմբերի իրավունքների պաշտպանությունն ուժեղացնելու համար»: Հանձնաժողովը նաև Վրաստանի կառավարությանը կոչ է արել ապահովել հավաքների ազատության իրավունքը՝ վկայակոչելով այն, որ կառավարությունը չի կարողացել կանխել ծայրահեղ աջ խմբերի բռնի գործողությունները 2023-ին, որոնք ԼԳԲՏՔ համայնքի փառատոնին պատասխան զանգվածային ակցիա էին կազմակերպել, որն էլ ուղեկցվել էր ծայրահեղ աջ խմբերի բռնարարքներով։
Վրացական երազանքի առաջարկները, հավանաբար, ուղղակիորեն կարգելեն ԼԳԲՏՔ համայնքի իրավունքներին վերաբերող միջոցառումների անցկացումը:
Ընտրություններ
Այս առաջարկները, որոնք արվում են հոկտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններին ընդառաջ, կարող են վկայել այն մասին, որ իշխող կուսակցությունը դրանով իր դիրքորոշումն է ցուցադրում այս հարցում, որպեսզի իր կողմը գրավի երկրի պահպանողական ընտրազանգվածին, քանի որ սոցհարցումները վկայում են, որ իշխանությունների համար կարող է դժվար լինել մեծամասնություն ստանալը նոր և ամբողջովին լրիվ համամասնական ընտրակարգի պարագայում:
Մամուկա Մդինարաձեն խոստովանել է, որ իշխող կուսակցությունը կարող է չկարողանալ ապահովել Սահմանադրությունը փաստացի փոխելու համար անհրաժեշտ ձայները։ Նա ասել է, որ կուսակցությունը նախընտրել է սահմանադրական փոփոխությունները՝ ի տարբերություն սովորական օրենսդրական փոփոխության, քանի որ ցանկանում է ունենալ «ավելի ուժեղ երաշխիքներ», որոնք ավելի դժվար կլինի շրջել, «եթե 10-15 տարի հետո կեղծ-ազատական ինչ-որ խումբ գա իշխանության»:
Այն պահից ի վեր, երբ Վրացական երազանքը, իշխանամետ լրատվամիջոցների հետ մեկտեղ, մոտ մեկ ամիս առաջ սկսեց առաջ մղել ԼԳԲՏՔ համայնքին թիրախավորող օրենքի անհրաժեշտության գաղափարը, նրանք, վկայակոչելով ընդդիմադիր խմբերին, պարբերաբար հայտարարել են «կեղծ-ազատական» քարոզչությանը հակազդելու անհրաժեշտության մասին:
Իր մամուլի ասուլիսի ժամանակ Մդինարաձեն, կարծես, հող է նախապատրաստել այս խնդրի շուրջ առճակատման համար՝ հայտարարելով, թե իրենք նկատել են, որ «արդեն նախնական պատրաստություններ են արվում դեռ չգրված այս նախաձեռնության դեմ»։
Այնուամենայնիվ, քանի որ իշխող կուսակցությունը և դրա վստահված անձինք նախորդ շաբաթներին հանդես են եկել ԼԳԲՏՔ համայնքի իրավունքների քարոզն արգելող օրենքի գաղափարով, ընդդիմադիր կուսակցությունները, ինչպես նաև քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, ներառյալ ԼԳԲՏՔ համայնքի իրավունքների պաշտպանությամբ զբաղվող խմբերը, կարծես թե հրաժարվել են կառավարության առաջարկների քննարկումներին մասնակցելուց:
Որոշ կուսակցություններ, ինչպիսիք են նախկին վարչապետ Գիորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը, հայտարարել են, որ իրենք նախ պետք է տեսնեն նախագծի տեքստը՝ միաժամանակ վերահաստատելով, որ անչափահասների դեմ ուղղված «ցանկացած քարոզչություն» իրենց համար անընդունելի է։
Սահմանադրական փոփոխությունների մասին երկուշաբթի արված հայտարարությունից հետո «Գիրչի» ազատական կուսակցությունը կարծես թե դեմ է արտահայտվել օրենսդրությանը, իսկ պատգամավոր Վախթանգ Մեգրելիշվիլին այն անվանել է «աբսուրդ», որը հակասում է մարդու իրավունքներին: Այդուհանդերձ, նախորդիվ իր հնչեցրած քննադատությունում Գիրչին պնդում էր, որ «գենդերը» պետք է ամբողջությամբ հանվի վրացական օրենսդրությունից՝ փաստացի առաջարկելով չեղարկել Վրացական երազանքի օրոք 2014-ին ընդունված օրենսդրական փոփոխությունները:
«Ի վերջո, այս [առաջարկվող օրենսդրությունը] կսահմանափակի խոսքի ազատությունը, քանի որ ինչ-որ մեկը որոշելու է, թե ինչ է նշանակում քարոզչություն»,- ասել է Մեգրելիշվիլին:
Նախորդ փորձերը
Մամուկա Մդինարաձեն ասել է, որ Սահմանադրության 30-րդ հոդվածի որոշ դրույթներ կարող են չարտացոլել ներկայումս Վրաստանի առջև ծառացած խնդիրները։ Այնուամենայնիվ, նա բերել է 2017-ի սահմանադրական փոփոխությունների օրինակը, երբ իր կուսակցությունը կարող էր կանխատեսել ենթադրյալ «վտանգները», ինչպիսին է նույնասեռ ամուսնությունը։ Նրանց սահմանմամբ՝ ամուսնությունը տղամարդու և կնոջ միությունն է:
Այդ ժամանակ Վրացական երազանքը պնդում էր, որ ամուսնությունը որպես հետերոսեքսուալ միություն վերասահմանելը նաև կկանխի Վրաստանում «որոշ խմբերի» կողմից հոմոֆոբիան որպես գործիք օգտագործելու փորձերը։
ԼԳԲՏՔ համայնքի «քարոզչությունն» արգելելու կոչերն սկսեցին ի հայտ գալ այն բանից հետո, երբ 2013-ին ԼԳԲՏՔ համայնքի իրավունքների պաշտպանները փորձում էին Թբիլիսիում նշել Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը, սակայն միջոցառման մասնակիցների վրա հարձակումներ տեղի ունեցան։

Վերջին տարիներին նման օրենսդրություն պահանջողների թվում են ուղղափառ քահանաները, ռուսամետ մեդիա հարթակները և տարբեր իշխանամետ կամ ծայրահեղ աջ խմբերը, ներառյալ իր բռնարարքներով հայտնի «Ալտ Ինֆո» ռուսամետ ծայրահեղական խմբավորումը:
Թբիլիսիում 2021-ին ԼԳԲՏՔ-ի վիժեցված երթի վրա հարձակում կազմակերպելուց մի քանի ամիս անց «Ալտ Ինֆո»-ն խորհրդարան ներկայացրեց «ԼԳԲՏ քարոզչությունն» արգելելու վերաբերյալ իր օրենսդրական նախաձեռնությունը։ Հաջորդ հուլիսին վրաց ուղղափառ եկեղեցին բացահայտորեն հավանություն տվեց այդ գաղափարին:
Մարտի 25-ին հայտարարելով Վրացական երազանքի օրենսդրական օրակարգի մասին՝ Մամուկա Մդինարաձեն չի բացառել, որ կարգելվեն ԼԳԲՏՔ համայնքին աջակցող ցույցերը, ներառյալ երթերը, եթե դրանք նույնասեռ սեքսուալությունը «տարածելու» միջոց են դառնում։

Մի շարք այլ երկրներում ԼԳԲՏՔ համայնքի «քարոզչության» դեմ օրենսդրությունը, ներառյալ այն երկրներում, որոնք վկայակոչում են անչափահասների պաշտպանությունը, լայնորեն քննադատության է արժանացել իրավապաշտպան կազմակերպությունների կողմից՝ որպես ոտնձգություն հիմնարար ազատությունների նկատմամբ։Քննադատները նշել են, որ 2013-ին Ռուսաստանում ընդունված օրենքները, որոնք նպատակ ունեն «պաշտպանել երեխաներին ընտանեկան ավանդական արժեքներից հրաժարումը քարոզող տեղեկատվությունից», նաև հանգեցրել են ատելության դրդապատճառներով հանցագործությունների աճին: