Հոդվածը հրապարակվում է որպես գովազդ։
«Երևանի գինու օրեր» փառատոնը 2024-ին տեղի է ունենալու արդեն 8-րդ անգամ: Նպատակն է խթանել հայկական զբոսաշրջային ներուժը և ապահովել Հայաստանի ճանաչումը՝ որպես գինու հնագույն բնօրրաններից մեկը։ Մարտի 22-ին լրագրողների հետ նախաճաշին փառատոնի կազմակերպիչները ներկայացրին այս տարվա միջոցառումների «մենյուն»։
2017-ից ի վեր յուրաքանչյուր տարի Երևանի կենտրոնական մի քանի փողոցներ լցվում են ջերմությամբ, դրական էմոցիաներով, երաժշտությամբ, պարուրվում լույսերով ու փոքր-ինչ գինովցած մարդկանց խինդով՝ յուրատեսակ հանդիպման վայր դառնալով գինեսերների ու գինեգործների համար։
Փառատոնի շրջանակում սպասվում են հետևյալ միջոցառումները։
Ռեստորանային օրեր՝ մայիսի 15 – հունիսի 15
Հայաստանի հեղինակավոր ռեստորանները կառաջարկեն երեք ճաշատեսակներից բաղկացած հատուկ մշակված սեթ-մենյուներ: Մասնակից ռեստորանները կտրամադրեն 15 տոկոս և ավելի զեղչ իրենց հատուկ սեթ-մենյուների համար։ Այցելուներին կտրամադրվի նաև անվճար մեկ բաժակ հայկական գինի կամ գարեջուր։
Վարպետաց դասեր՝ մայիսի 15 – հունիսի 15
YereWine արշավի շրջանակում գինու, գաստրո և մեդիա ոլորտին առնչվող մասնագետները, այդ թվում՝ հայտնի խոհարարներ, սոմելյեներ և մեդիա գործիչներ, կանցկացնեն վարպետության մի քանի դասընթաց։ Այս միջոցառումները կոչված են նպաստելու հայ մասնագետների հետ միջազգային փորձի փոխանակմանը, նրանց գիտելիքների և հմտությունների ամրապնդմանը: Կախված թեմայից՝ վարպետաց դասերում կներառվեն գինու և սննդի համտեսներ, որոնք մասնակիցներին թույլ կտան համեմատել տարբեր գինիներ և բացահայտել խոհանոցային հնարքներ։
Երևանյան գաստրոնոմիկ շոուներ՝ մայիսի 15 – հունիսի 15
Գաստրո շոուները կանցկացնեն հայ և միջազգային խոհարարները, արվեստի գիտակները և առնչվող ոլորտների հեղինակավոր այլ մասնագետներ:
Բազմալեզու շնորհանդեսներ. այցելուներն ամեն օր կկարողանան մասնակցել 9-10 շնորհանդեսների, որոնք կանցկացվեն տարբեր լեզուներով՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն և ռուսերեն: «Երևանյան գաստրոնոմիկ շոուների» գոտին տեղակայված կլինի Մոսկովյան – Բաղրամյան խաչմերուկում։ Շոուները, որոնց ընթացքում խոհարարն ուտեստ է պատրաստում, կուղեկցվեն նաև համապատասխան ճաշատեսակի կամ սննդի հյուրասիրությամբ: Խմիչքի և սննդի հյուրասիրությունը հանդիսատեսին կօգնի գործնականում տեսնել, համտեսել և կիրառել ստացված գիտելիքը։
Փառատոնի պատվավոր հյուրերի թվում են Michelin երկու աստղ L’Alexandrin ռեստորանի խոհարար և սեփականատեր Ալեն Ալեքսանյանը, Qatar International Food Festival-ի համահիմնադիր Զարմիգ Հալլաջյանը, որն ունի բազմաթիվ մրցանակներ և ներկայացնում է հայկական խոհանոցը միջազգային տարբեր հարթակներում, ամերիկացի շեֆ-խոհարար Մերի Սյու Միլլիկենը, շեֆ-խոհարար, Արևմտյան Ասիայում սննդի թափոնների գծով UNEP-ի խոսնակ Լեյլա Ֆաթհալլան և գաստրոաշխարհի հայտնի դեմքեր։
Զառա Պողոսյան