Մարտի 24-ին Ոստիկանության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց մուտք գործելու և պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում «Ազգային ժողովրդավարական բևեռ» կազմակերպության գրասենյակում կատարվել է խուզարկություն, որի արդյունքում հայտնաբերվել է 2 մարտական նռնակ և բազմաթիվ փաստաթղթեր։ Քննչական կոմիտեն հայտնում է, որ խուզարկություններ են կատարվել նաև գործողությունը կատարած երեք անձանց և նրանց հետ առնչություն ունեցող մի շարք այլ անձանց բնակության վայրերում։
«Կատարված խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել և վերցվել են քննության համար հետաքրքրություն ներկայացնող փաստաթղթեր և առարկաներ, այդ թվում զենք, զինամթերք, պլաններ, սխեմաներ, թմրամիջոցի նմանվող զանգվածներ և այլն: Մասնավորապես նշված կազմակերպության գրասենյակ հանդիսացող տարածքից հայտնաբերվել են 2 մարտական նռնակ և քննության համար հետաքրքրություն ներկայացնող բազմաթիվ փաստաթղթեր ու առարկաներ»,- ասված է հաղորդագրությունում։
Կոմիտեն պարզել է, որ Ոստիկանության Նոր Նորքի բաժին մուտք գործած երեք քաղաքացիներն ունեցել են հակաիշխանական հայացքներ․ «Իրենց պահանջները կատարելուն հարկադրելու նպատակով, մարտի 24-ին՝ ժամը 17-ից 17.15-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք բերած և յուրաքանչյուրի մոտ գտնվող ռազմամթերք հանդիսացող երկուական ձեռքի մարտական նռնակներով, մուտք են գործել Նոր Նորքի բաժնի վարչական շենք։ Շենքը պայթեցնելու սպառնալիքով վերջիններս ծառայություն իրականացնող ոստիկաններից պահանջել են ազատ արձակել իրենց համախոհներին, բացել հերթապահ մասի դուռը, իրենց տալ այնտեղ պահվող զենքերը»։
Նրանք վնասազերծվել և զինաթափվել է Ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: Միջնորդություններ են ներկայացվել հսկողություն իրականացնող դատախազին՝ երեք անձանց նկատմամբ քրեական հետապնդումներ հարուցելու վերաբերյալ: