Մարտի 25-ին պաշտոնական այցով Բուենոս Այրեսում գտնվող Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Արգենտինյան արտաքին հարաբերությունների, միջազգային առևտրի և պաշտամունքի նախարար Դիանա Մոնդինոյի հետ:
«ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է Հարավային Ամերիկայում Արգենտինայի դերը որպես ՀՀ կարևոր գործընկեր՝ նշելով, որ դրա պարզ վկայությունն են նաև բարձրաստիճան փոխայցելությունները։ Հանդիպման ընթացքում երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել ուսումնասիրել նոր հնարավորությունները և խորացնել փոխգործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող, այդ թվում՝ առևտրատնտեսական, բարձր տեխնոլոգիաների, կրթական, էներգետիկ ոլորտներում։ Գոհունակությամբ նշվել է, որ երկու երկրների միջև ձևավորվել է լայն իրավապայմանագրային բազա՝ միաժամանակ ընդգծելով փոխգործակցության ընդլայնմանը համահունչ այն նոր ուղղություններով համալրելու պատրաստակամությունը»,- ասված է Հայաստանի ԱԳՆ տարածած հաղորդագրությունում։
Միրզոյանն ու Մոնդինոն անդրադարձ են կատարել նաև երկու երկրների դիվանագիտական դպրոցների միջև փոխգործակցության հարցերի: Հայաստանի և Արգենտինայի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խթանման համատեքստում ընդգծվել է նաև ներդրումային ծրագրերի հետագա խրախուսման կարևորությունը։
Հայաստանի և Արգենտինայի ԱԳ նախարարները քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։ Արարատ Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները և խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ ընթացող բանակցությունները։ Կարևորվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի ապահովումը՝ հիմնված 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի վրա։
Միրզոյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը՝ մատնանշելով դրա միջոցով ընձեռնվող տնտեսական և կապուղիների զարգացման հնարավորությունները, տարածաշրջանում կայունությանը նպաստելու ներուժը: