Ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահաբեկչության վերաբերյալ վարույթով ձերբակալված երեք անձանցից երկուսը կալանավորվել են, հայտնում է Քննչական կոմիտեն։
Երրորդ անձը շարունակում է ստացիոնար բուժումը բուժհաստատությունում, նրան ձերբակալելու որոշում է կայացված։
Նշված երեք անձանց ներկայացվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչությունը) և 335-րդ հոդվածի 2-րդ մասով (խմբի կազմում հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը) նախատեսված հանցավոր արարքներ կատարելու համար։
Քննչական կոմիտեն պարզել էր, որ Ոստիկանության Նոր Նորքի բաժին մուտք գործած երեք քաղաքացիներն ունեցել են հակաիշխանական հայացքներ․ «Իրենց պահանջները կատարելուն հարկադրելու նպատակով, մարտի 24-ին՝ ժամը 17-ից 17.15-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի կերպով ձեռք բերած և յուրաքանչյուրի մոտ գտնվող ռազմամթերք հանդիսացող երկուական ձեռքի մարտական նռնակներով, մուտք են գործել Նոր Նորքի բաժնի վարչական շենք։ Շենքը պայթեցնելու սպառնալիքով վերջիններս ծառայություն իրականացնող ոստիկաններից պահանջել են ազատ արձակել իրենց համախոհներին, բացել հերթապահ մասի դուռը, իրենց տալ այնտեղ պահվող զենքերը»։
Նրանք վնասազերծվել և զինաթափվել է Ոստիկանության և ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից: