Լևոն Խալաթյան
Օրերս վարչապետը խոստովանեց, որ Fly Arna ազգային ավիափոխադողի նախագիծը ձախողվել է։ Նա, հավանաբար, վերջինն էր, որ դա խոստովանեց։
Բայց եթե ուշադիր նայեք, ամեն ինչ պարզ էր վաղուց՝ նախագծի մեկնարկից ի վեր՝ դեռ երկու տարի առաջ։ Ավիաընկերության ձախողումն առանձին վերլուծություն պահանջող թեմա է։ Առավել ուշագրավ է ավիաընկերության հայաստանյան բաժնետիրոջ՝ ԱՆԻՖ-ի («Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ) գործունեությունը։
Այս հիմնադրամը ստեղծվել է այսպես կոչված «ազգային հետաքրքրություն» ներկայացնող ակտիվներում պետական ներդրումների համար։ Հիմնադրամը ֆինանսավորվում է պետության կողմից՝ հատկացումներ վարչապետի աշխատակազմի, ֆինանսների նախարարության կամ էկոնոմիկայի նախարարության դրամաշնորհների տեսքով։ Կարճ ասած՝ հարկատուների փողերից։
ԱՆԻՖ-ը ստեղծվեց ցնծությամբ՝ տնօրենների այնպիսի խորհրդով, որի անդամ էին անգամ Ֆրանսիայի նախկին վարչապետն եւ ՀՀ փոխվարչապետը ։
ԱՆԻՖ-ի չորս տարվա գործունեության միակ արդյունքը՝ Fly Arna-ի 49% բաժնեմասը ձեռքբերելն էր: Միայն այս ներդրումից հարկատուները կորցրել են 4,4 մլրդ դրամ՝ թեև չի թույլատրվում ասել, որ այդ գումարը հնարավոր չի վերադարձնել։ Խոստովանելը նշանակում է ընդունել ոչ միայն ձախողումը, այլև ֆինանսական կորուստները, իսկ դրանք հարցեր են՝ ուղղված և՛ պաշտոնյաներին, և՛ հիմնադրամի ղեկավարությանը։
Բայց սա սառցալեռան միայն տեսանելի մասն է։
Զուգադիպություններ
Վերջին մեկ տարվա ընթացքում հիմնադրամը զերծ չէր սկանդալներից: 2023-ի վերջին հիմնադրամի տնօրենն ազատվեց աշխատանքից, Ֆրանսիայի նախկին վարչապետը լքեց տնօրենների խորհուրդը։ Տնօրենների խորհրդի նախագահ նշանակվեց էկոնոմիկայի փոխնախարարը, իսկ 2023-ի նոյեմբերի 8-ին տեղի ունեցավ արտառոց մի դեպք՝ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հրաժարվեց հաստատել հիմնադրամի ֆինանսական հաշվետվությունները 2022-ի համար, քանի որ դրանք «չեն արտացոլում հիմնադրամի և նրա դուստր ձեռնարկությունների ֆինանսական վիճակը»: Մեղմ ասած՝ «չեն արտացոլում»։
Երեք ամիս անց նախարարն ու նրա տեղակալը հեռացվեցին պաշտոններից և քրեական գործով մեղադրյալ դարձան։ Նախարարների կաբինետում պայքար է ընթանում։ Մնում է հասկանալ, թե ինչի համար է այդ պայքարը, և ով է հակառակ կողմում կանգնած։
Աշխատավարձեր
ԱՆԻՖ-ն ունի 30-40 աշխատող։ 2020-2022 թթ․ աշխատավարձերին ուղղված ծախսերը կազմել են մոտ 4 մլրդ դրամ, այսինքն՝ երեք տարվա ընթացքում յուրաքանչյուր աշխատող ստացել է միջինը 125 մլն դրամ։ Հավանաբար չափազանց մեծ թիվ է մեկ վատ ներդրման համար:
Ինչո՞ւ հիմնադրամն ուներ այդքան շատ աշխատակից, եթե նրա միակ ներդրումը Fly Arna-ն էր, ընդ որում, դա պասիվ ներդրում էր։ Մնացած բոլոր ծրագրերն իրականացվել են ԱՆԻՖ-ի դուստր հիմնադրամի կողմից, որն ունի իր աշխատակիցներն ու աշխատավարձերը:
Բացի ագահությունից՝ ինչո՞վ կարելի է բացատրել այն փաստը, որ հիմնադրամը յուրաքանչյուր տարվա վերջում մեծ պարգևավճարներ է տվել իր բոլոր աշխատակիցներին: Ո՞ր արժանիքների, ի՞նչ հաջողությունների համար։ Ինչպե՞ս հիմնավորել հարկատուների փողերից տարեկան 40-70 մլն դրամ աշխատավարձը մենեջերներին, որոնցից շատերը լրիվ դրույքով չեն։
Ծախսեր
Հիմնադրամն իր ծախսերում ժուժկալ չի եղել՝ մեղմ ասած։ Չնայած տարեկան 1,3 մլրդ դրամ աշխատավարձերին՝ հիմնադրամը տարեկան 120 մլն դրամ է ծախսել աուդիտորական և խորհրդատվական ծառայությունների վրա։ Տարօրինակ է, եթե հաշվի առնենք, որ հիմնադրամն ունի իրավաբաններ, ֆինանսիստներ, հաշվապահներ և այլք։ Եվս մոտ 120 մլն տարեկան ծախսվում էր արտաքին մատակարարների վրա՝ հասարակայնության հետ կապերի և շուկայի ուսումնասիրության (հետաքրքիր է՝ ո՞ր շուկայի)։
Գումարած մանր-մունր բաները՝ ամսական 2 մլն՝ գրասենյակի վարձի և 2,5 մլն՝ գործուղումների համար։
Լավ ապրել չես արգելի։
Տարօրինակ հաշվետվողականություն
2022-ի ֆինանսական հաշվետվություններում արտացոլված է միայն մեկ ներդրում՝ Fly Arna-ն՝ 4,85 մլրդ դրամի չափով՝ չնայած, որ հիմնադրամը ներդրել է ընդամենը 2,36 մլրդ դրամ։
2020 և 2021 թթ․ համար հիմնադրամը կորուստներ է հայտարարագրել։ Այդպես կլիներ նաև 2022-ին, բայց հիմնադրամը թղթի վրա որոշել է ավելացնել Fly Arna-ի ներդրման գնահատումը ևս 2,4 միլիարդով և այն գրանցել որպես շահույթ։ Արդյունքում հիմնադրամը շահույթ է ցույց տվել 2022-ին, իսկ աուդիտոր KPMG-ն հաստատել է այս հաշվետվությունը: Fly Arna-ի գնահատման թղթային աճը հաշվետվության մեջ հիմնավորվել է նրանով, որ դիսկոնտային դրամական հոսքերի մեթոդի կիրառմամբ 2023-ին կանխատեսվել է 256% կայծակնային աճ, իսկ 2024-2026 թթ․՝ 28-72%:
Սակայն 2023-ին ավիաընկերությունը աճ չի գրանցել, 2023-ի 1-ին և 2-րդ եռամսյակներում ուղևորների թիվը նույնն էր, ինչ 2022-ի 4-րդ եռամսյակում։ 2023-ի հուլիսի հաշվետվության կազմման և աուդիտի ամսաթվին արդեն պարզ էր, որ կանխատեսումը հեռու է իրագործումից, սակայն ընկերությունը չի փոխել նախահաշիվը, և այն հաստատվել է աուդիտորը։ Մեղմ ասած՝ տարօրինակ է։
ԱՆԻՖ-ի ֆինանսական հաշվետվությունները չեն արտացոլում «Ձեռնարկատեր + պետություն» դուստր ֆոնդի գործունեության վերաբերյալ տվյալները, թեև ԱՆԻՖ-ի բոլոր նախագծերը, որոնք թվարկված են իրենց կայքում, իրականացվել են այս դուստր հիմնադրամի միջոցով, որին մենք կանդրադառնանք առանձին:
Ոչ թափանցիկ
Հիմնադրամի կառուցվածքը, նպատակները, գործարքները, շահերի բախումը որևէ տեղ արտացոլված չեն։ Կա ոչ խորը և ցուցադրական կայք՝ դեկլարատիվ հայտարարություններով։
Fly Arna-ի մասին հիմնադրամը լռում է։ Ո՞րն է ձախողման պատճառը։ Պատճառները ոչ ոք չի բարձրաձայնում։ Փողի պակասությո՞ւն։ Քիչ ուղևորնե՞ր: Թռիչքների արգե՞լք։ Կոռուպցիա՞։ Վատ կառավարո՞ւմ։ Հիմնադրամին իսկապես հետաքրքրո՞ւմ է, թե ինչ է պատահել իր միակ ներդրմանը:
Շուրջ 1 մլրդ դրամ է ծախսվել հանրային կապերի ծառայություններ մատուցողների, խորհրդատվության, մարքեթինգի, գործուղումների վրա։ Զեկույցներից ոչ մեկը չի պարունակում մատակարարների անունները: Հարկ վճարողները երևի կուզեին իմանալ, թե ինչպես են նման թանկարժեք ծառայություններ մատուցվում նման մասշտաբով։
Հաշվետու չլինելը
Հիմնադրամը ծախսում է հարկատուների գումարները, սակայն փակ է հանրության համար։ Կայքում նշված հեռախոսահամարը չի գործում: Մամուլի քարտուղարի բջջային հեռախոսի համարին զանգելիս կարող ես լսել, որ հարցերին չեն պատասխանում. չես կարող խոսել ծրագրի ղեկավարի կամ ֆինանսական տնօրենի հետ։ Ոչ թափանցիկ ընկերությունների մանտրան՝ «եթե հարցեր ունեք, գրեք, մենք ձեզ կպատասխանենք»։ Միլիոնի կարգի աշխատավարձով մամուլի քարտուղար, որը չի տալիս տեղեկատվություն ու չի աշխատում մամուլի ու հասարակության հետ։
Ինչպե՞ս կարող է պոտենցիալ ներդրողը կապ հաստատել հիմնադրամի հետ, եթե կապ չկա:
***
Հայկական իրականությանը ծանոթ ողջամիտ մարդու կարծիքով՝ բոլոր նախարարությունների ենթակայությամբ գործող բազմաթիվ հիմնադրամներ հարկատուների գումարները ծախսում են առանց հաշվետվողականության, առանց պատասխանատվության, և միևնույն ժամանակ չեն ենթարկվում պետական պաշտոնյաներին ներկայացվող պահանջներին, որոնք առնվազն պարտավոր են եկամուտ և գույք հայտարարագրել:
Արդյունքում ունենք արհեստական կազմակերպություններ, որոնց նպատակը գումար ծախսելն է։ Խոսակցությունը, թե ֆոնդերը բարձրաստիճան պաշտոնյաներ-կուրատորների անձնական սև դրամարկղներն են, իսկ աշխատակիցների մի զգալի մասը պարզապես թղթի վրա է՝ աշխատավարձ գեներացնելու՝ թողնենք դեռ ասեկոսեների մակարդակով։
Մենք կվերլուծենք այդ հիմնադրամների գործունեությունը։
ԱՆԻՖ-ը դրանցից մեկն է միայն:
***
Լևոն Խալաթյանը ԱԼԻԱՍ խորհրդատվական ընկերության ավագ գործընկեր է։