ԼՂՀ ճանաչման հարցը պիտի լինի մեր օրակարգում. Ա.Ռուստամյան

Լեռնային Ղարաբաղի հանրապետության ճանաչման հարցը օրակարգային է. «Երկիր մեդիա» հեռուստատեսության «Երկրի հարցը» ծրագրում նշեց ՀՀ ԱԺ-ում «ՀՅԴ» խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Ռուստամյանը: «Չեն կարողանում հասկանալ մեր իշխանությունները, որ սա մեծ պայքարով ձեռք բերված հաղթանակ է, և որ պետք է միջազգային ճանաչման գործընթացը սկսվի. դա պիտի լինի մեր օրակարգում»,- ասաց նա:

Հայտարարություններով հնարավոր չէ հասնել ԼՂՀ հարցում ցանկալի արդյունքի: Նախ, ըստ Ռուստամյանի, հարկ է ուժեղացնել ԼՂՀ միջազգային ճանաչման իրավական գործընթացը, որում Հայաստանը պիտի ներկայանա՝ երաշխավորի կարգավիճակով, այսինքն՝ պետք է, որ իրավական հիմքեր ստեղծվեն ԼՂՀ ճանաչման համար, իսկ ԼՂՀ ներկայացուցիչները մասնակցեն քննարկումներին: «Ինչո՞ւ պիտի Եվրախորհուրդը Կիպրոսի հարցը քննարկի, Կոսովոյի հարցը քննարկի, վերջերս Պաղեստինին տրվեց կարգավիճակ. ու ներկայացուցիչները էնտեղ նստած էին: Իսկ ԼՂՀ կողմի ներկայությունը չկա. նախ պետք է ապահովել ԼՂՀ ներկայությունն այդ ատյաններում»,- ասաց Ռուստամյանը:

Հայ-թուրքական արձանագրությունները, ըստ նրա, ունենալու էին այն ճակատագիրը, որն այսօր ունեն՝ չվավերացված փաստաթղթի: «Ակնհայտ էր, որ տեքստը սխալ է կառուցված: Մենք ասում էինք, որ ուղղակի պետք է չճանաչել, չիմանալ թուրքերին ու իրենց պետությունները՝ Ադրբեջանին ու Թուրքիային, նման տեքստ կազմելու համար: Այդ երկուսը նույն ժողովուրդն են, և հուսալ, թե հնարավոր է հակադրել դրանց շահերը, անհիմն է: Պարզ էր, որ սահմանները չէին բացվի, քանի դեռ Ղարաբաղի հարցը լուծված չէ: Թուրքիան ու Ադրբեջանը իրար թիկունքի են ու այդպես է լինելու: Բոլորովին վերջերս էլ Թուրքիան Ստեփանակերտի օդանավակայանի բացման հետ կապված նշեց, թե դա վտանգելու է տարածաշրջանային խաղաղությունը և նման բաներ: Ըստ էության, թուրքական մոտեցումներն էլ, որ Ղարաբաղի հարցն ու սահմանների բացումն իրար հետ կապված են, միջազգային հանրության կողմից աջակցություն են ստանում»,- նշեց նա:

Արձանագրությունները, ըստ Ռուստամյանի, ոչ մի դրական ազդեցություն չունեցան. դրական շատ փոքր հատիկի հետ մեկտեղ, դրանք ունեին բազմաթիվ վիճահարույց կետեր, որ զայրույթի ալիք բարձրացրին Հայաստանում և Սփյուռքում և առիթ դարձան պառակտումների: Ըստ նրա՝ այս պահին լավագույն որոշումն ուղղակի ստորագրությունները հետ կանչելն է:

Մադրիդյան սկզբունքներով, ըստ Ռուստամյանի, առավելագույնս շահում է Ադրբեջանը: Եվ եթե նրան համոզեն մի օր ստորագրել այդ փաստաթղթի տակ, ապա շատ արագ գործընթացը կհսանի նաև արձանագրությունների վավերացմանը, և «մենք մադրիդյան սկզբունքներով ու հայ-թուրքական արձանագրություններով ստիպված կլինենք զիջել մեծ տարածքներ, քանի որ տվյալ դեպքում արդեն միջազգային ճնշումը հայերին կստիպի հարգել ստորագրությունը և պահպանել խաղաղությունը տարածաշրջանում»:

Մեկնաբանել