Հանքարդյունաբերողների ռոյալթիներից 1 մլրդ դրամ հատկացվեց ազդակիր համայնքներին

Հայաստանում կատարված օրենսդրական փոփոխությունը, որը նախատեսում է մետաղական հանքարդյունաբերողների կողմից վճարած ռոյալթիների մասհանում ազդակիր համայնքներին, սկսում է գործել։ Կառավարությունը մարտի 28-ի նիստում հաստատեց ընդհանուր հավաքագրված ռոյալթիների 2 տոկոսի մասհանումը ազդակիր բնակավայրերին ու դրանց բաշխումը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրեց՝ ռոյալթիի մասհանումը վերաբերում է Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Կոտայքի մարզերի 6 համայնքներին, որոնք ներառում են 33 ազդակիր բնակավայր։

Համայնքներին հատկացվեց 1 միլիարդ 52 միլիոն դրամ՝ տարբեր ծրագրեր իրականացնելու համար։ Հատկացումները կատարվել են՝ 2021-ին վճարած ռոյալթիների համար. այդ տարի հավաքագրված ռոյալթին գերազանցել էր 52 միլիարդ դրամը։

Այսօրվա որոշմամբ՝ Մեղրի համայնքը կստանա 93 միլիոն դրամ, Քաջարանը՝ 190 միլիոն դրամ, Կապանը՝ 251 միլիոն, Վարդենիսը՝ 185 միլիոն, Ալավերդին՝ 246 միլիոն, Ծաղկաձորը՝ 85 միլիոն դրամ։

Ռոյալթիի մասհանումից ստացած գումարներով համայնքները կարող են կատարել գյուղատնտեսական, կրթական, առողջապահական, սոցիալական, մշակութային, երիտասարդական, սպորտային, քաղաքաշինական, ենթակառուցվածքային ու զբոսաշրջային ծրագրեր։ Այդ ծրագրերը պետք է համաձայնեցվեն նախարարության հետ։

Մեկնաբանել