Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck, #խոստմնացույց
Շուրջ երկու տարի առաջ՝ 2022-ի օգոստոսին տարածքային կառավարման և ենթակառուցվածքների (ՏԿԵ) նախարար Գնել Սանոսյանը հայտարարել էր, որ ճանապարհաշինարարական ծրագրերի վերջնաժամկետները խախտած ընկերությունները չեն ներվի, իսկ ծրագրերը հաջորդ տարի չեն տեղափոխվի։
Նախարարը մանրամասնել էր, որ ժամկետների խախտման համար ընկերությունները պատժվելու են. «Պայմանագիրը կդադարեցնենք, կգնան սև ցուցակ և այլն»։
#CivilNetCheck-ը նախորդ տարվա ապրիլին պարզել էր, որ ՏԿԵ նախարարի այս խոստումը չէր պահվել՝ 2022-ին ժամկետի խախտմամբ անավարտ մնացած 23 ճանապարհահատվածների շինաշխատանքներ տեղափոխվել էին հաջորդ տարի։ Որևէ պայմանագիր չէր լուծվել և կապալառուները սև ցուցակում չէին հայտնվել։
2023-ին ևս պայմանագրերը երկարացվել են
Պարզվում է՝ 2023-ին անավարտ են մնացել և 2024 թվական է տեղափոխվել յոթ ճանապարհահատվածի շինարարարական աշխատանքներ։ Դրանցից մեկը միջպետական նշանակության՝ Երևան-Գորիս-Իրանի սահման ճապարհի 7,5 կմ երկարությամբ հատվածն է, մյուսը՝ հանրապետական նշանակության Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ճանապարհի 5 կմ-անոց հատվածը, մնացած հինգը՝ միջհամայնքային նշանակության ճանապարհներ։
ՏԿԵՆ-ից հայտնեցին, որ 2023-ին անավարտ մնացած յոթ ճանապարհահատվածների կապալառուներից տույժեր կիրառվել են միայն չորսի նկատմամբ։ Այսպես, «Ճանապարհ» ՍՊԸ-ն 1,3 մլրդ դրամ արժեցող երկու պայմանագրերի ժամկետների ուշացման համար տուգանվել է 4,5 մլն դրամ, «Եվրոասֆալտ» ընկերությունը 225 մլն դրամ արժեցող պայմանագրի խախտման համար տուգանվել է 2,7 մլն դրամ, իսկ «Լեոպոլդ և ընկերներ» ՍՊԸ-ն տուգանվել է 3,1 մլն դրամ՝ 807 մլն դրամ արժեցող ճանապարհի կառուցման ժամկետի ուշացման համար։
Ճանապարհների հիմնանորոգման ժամկետների խախտման համար «Սիսիանի ԲՈՒԱՏ» ՍՊԸ-ի, «Ճանապարհ» ՍՊԸ-ի, ինչպես նաև «Եվրոբուդ Պլյուս» և «Տարտ Գրուպ» ՍՊԸ-ների կոնսորցիումի հետ կնքված պայմանագրերի մասով տուգանքներ չեն կիրառվել։

Բացի այդ, 2023-ին սահմանված ժամկետների ուշացման հիմքով նվազեցումներ են կիրառվել նաև 31 այլ ճանապարհահատվածների հիմնանորոգման պայմանագրերի մասով, որոնցից 11-ը վերաբերում են միջպետական, 12-ը՝ հանրապետական ու ևս 12-ը՝ մարզային նշանակության ավտոճանապարհներին։
Համաձայն ՏԿԵՆ-ի տվյալների՝ կատարողականների հիման վրա հաշվարկված պայմանագրային նվազեցումների ընդհանուր գումարը 2023-ին կազմել է 347,6 մլն դրամ։ Ստացվում է, որ 2023-ին ճանապարհաշինության ծրագրով նախատեսված ծախսերը թերակատարվել են 347,6 մլն դրամով։
Նվազեցումներ՝ կառուցված ճանապարհների որակի շեղումների համար
Ավտոճանապարհների հիմնանորոգման պայմանագրային ժամկետների խախտումներից բացի, ՏԿԵ նախարարությունը կապալառու ընկերություններին տուգանում է նաև կառուցված ճանապարհի որակի թերությունների համար՝ օգտագործելով անհարթությունների միջազգային ցուցիչի (ԱՄՑ) չափանիշը։
ՏԿԵՆ-ից հայտնում են, որ ճանապարհի հատվածում անհարթության սահմանված ցուցանիշից շեղումների դեպքում կա՛մ կատարվում է պայմանագրային գնի նվազեցում, կա՛մ աշխատանքը չի ընդունվում։
Այսպես, ճանապարհի յուրաքանչյուր 100 մետր երկարությամբ հատվածում անհարթության ցուցանիշի արժեքը սահմանվածից 1.0մմ/մ չափով գերազանցելու դեպքում հիմնանորոգման աշխատանքների ընդունումը մերժվում է:
«Տվյալ հատվածի ԱՄՑ ցուցանիշի՝ թույլատրված ցուցանիշից յուրաքանչյուր 0.1 մմ/մ գերազանցման համար ծածկի վերին շերտի գինը նվազեցվում է 1%-ով՝ հաշված ստուգված յուրաքանչյուր 100մ-ի համար: Գնի առավելագույն նվազեցումը պետք է կազմի 10%»,- հայտնում են ՏԿԵՆ-ից։
2023-ին ընդհանուր 1,7 մլն դրամի նվազեցում է կատարվել չորս ճանապարհահատվածներում հայտնաբերված անհարթությունների համար։

Ստացված տվյալների համաձայն՝ 2018-2023թթ․ ընթացքում ավտոճանապարհների հիմնանորոգված հատվածների որակի գնահատման արդյունքում 57 պայմանագրով նվազեցում է կատարվել։ Ընդ որում, 2018-ին կատարվել է մեկ պայմանագրի նվազեցում, 2019-ին՝ 18, 2020-ին՝ 20, 2021-ին՝ 3, և 2022-ին՝ 11 պայմանագրային գնի նվազեցում։
Ինչ վերաբերում է այն դեպքերին, երբ ճանապարհաշինարարական աշխատանքը ամբողջությամբ չի ընդունվել, ապա ուշագրավ է, որ ՏԿԵ նախարարությունը չի հայտնում այդ մասով որևէ տեղեկատվություն։
Բացի այդ, գերատեսչությունը «առևտրային գաղտնիք» է համարում վատ որակի և խախտումներով ճանապարհներ կառուցած մասնավոր ընկերությունների ցանկը և չի տրամադրում այն՝ բերելով անհիմն պատճառաբանություններ։
Այպիսով, ՏԿԵ նախարարի՝ կառավարության նիստում հնչեցրած խոստումը, թե ժամկետները խախտած ընկերությունները չեն ներվի, պայմանագրերը կլուծվեն և նրանք կներառվեն «սև ցուցակներում», չի իրագործվել։