Ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է․ ՌԴ ԱԳՆ

Ռուսական 102-րդ ռազմաբազայի առկայությունը Հայաստանի ինքնիշխանության միակ իրական երաշխիքն է։ Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի արտգործնախարարությունից՝ մեկնաբանելով ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի գլխավորած «Հայաստանի բարեկամներ ցանց» խմբի զեկույցը։

«Խոսույթը, թե ՌԴ սահմանապահների դուրսբերումը ինչ-որ կերպ կամրապնդի Հայաստանի ռազմական ներուժը, վտանգավոր դեմագոգիա է։ Ստիպելով վերանայել ստեղծված անվտանգային համակարգը՝ Արևմուտքը դրա դիմաց ոչինչ չի առաջարկում»,- ասված է մեկնաբանությունում։

Ռուսաստանի ԱԳՆ-ն նշում է, որ Հայաստանի անվտանգության վրա բացասաբար կանդրադառնա նաև ԵՄ-ի հետ ազատ վիզային ռեժիմը, որը «կհանգեցնի երիտասարդ և տնտեսապես ակտիվ բնակչության արտահոսքի դեպի Եվրոպա և բացասաբար կանդրադառնա Հայաստանի տնտեսության և անվտանգության վրա»։

ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենի կողմից ղեկավարվող «Հայաստանի բարեկամներ ցանց» բարձր մակարդակի խումբը, որի մասնակիցների թվում են նախկին վարչապետներ, խորհրդարանականներ և դիվանագետներ, պատրաստել է զեկույց, որում անդրադադարձ է կատարվում Հայաստանի ու Եվրոպական Միության միջև հարաբերություններին, դրանց հետագա ամրապնդման անհրաժեշտությանը, Հայաստանի՝ կազմակերպությանը վերջնական անդամակցելուն, ինչպես նաև Հարավային Կովկասում առկա իրադրությանն ու Հայաստանին սպառնացող վտանգներին։

Զեկույցում ասվում է, որ Ռուսաստանը դեմ է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ու սահմանի բացմանը, քանի որ այդ պարագայում կնվազի Հայաստանի կախվածությունը Ռուսաստանից և ռազմական ներկայությունն այլևս հիմնավոր չի լինի։

Նաև նշվում է, որ Հայաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ առաջարկելը կարևոր ազդանշան կլինի, իսկ Հայաստանի և Եվրոպական միության միջև վիզաների ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկը կարևոր քայլ կլինի հարաբերությունների խորացման համար։

Մեկնաբանել