Պանկիսիի իմամը մեղադրվում է Չեչնիայի օգտին տեղացիներին «լրտեսելու» մեջ

Լուիզա Մչեդլիշվիլի, OC Media

Վրաստանի արևելյան Պանկիսիի կիրճում գտնվող մզկիթում նշանակված իմամին մեղադրում են Չեչնիայի կառավարության համար տեղի բնակիչներին լրտեսելու մեջ:

Մարտի 21-ին Թուրքիայում բնակվող չեչեն ընդդիմադիր բլոգեր Խասան Խալիտովը հայտարարել է, որ Թահիր Դուիշվիլին ուղղակիորեն նշանակվել է Չեչնիայի մուֆթիության կողմից: Մուֆթիությունը Չեչնիայում տեղի մուսուլմանների ավանդական ներկայացուցչական մարմինն է:

«[Չեչնիայի ղեկավար Ռամզան] Կադիրովի մուֆթիությունը Թահիր Դուիշվիլիին առաջարկել է իմամ դառնալ Պանկիսիի (Վրաստան) մզկիթներից մեկում և այդպիսով տեղեկություններ հավաքել տեղացի եղբայրների մասին, որոնց նրանք համարում են սալաֆիներ»,- հայտարարել է Խալիտովը Տելեգրամում։

Թահիր Դուիշվիլին

Չեչենները, այդ թվում՝ կիստերը, որ չեչենական ենթախումբ է Պանկիսիում, ավանդաբար հավատարիմ են եղել իսլամի այն ձևին, որը հայտնի է որպես սուֆիզմ: Այնուամենայնիվ, վերջին տարիներին սալաֆիզմը Պանկիսիում ավելի ու ավելի տարածված է դարձել:

Խալիտովը Դուիշվիլիից ձայնագրություններ է տարածել, որոնցում լսվում է, թե ինչպես է նա չեչեներեն դիմում Չեչնիայի մուֆթիությանը: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ լսվում է, թե ինչպես է տղամարդը շնորհակալություն հայտնում մուֆթիությանը «վստահության» համար և խոստանում «Պանկիսիում նրանց համար ցանկալի հող նախապատրաստել»։

Պանկիսիից լրագրող Սուլխան Բորդզիկաշվիլին OC Media-ին ասել է, որ Դուիշվիլին հավանաբար կկորցնի լեգիտիմությունը տեղի սուֆիների շրջանում այդ մեղադրանքների պատճառով: Այնուամենայնիվ, նա պնդում էր, որ Գրոզնիի կողմից իր ենթադրյալ նշանակումը Պանկիսիի «ամենամեծ խնդիրը» չէ:

«Ես կարծում եմ, որ երկիրը կանգնած է ավելի լուրջ խնդրի առաջ, քան փոքր գյուղի իմամի խնդիրն է։ Ես նկատի ունեմ Վրաստանում ռուսական ազդեցության աճը,- ասել է Բորձիկաշվիլին։- Դա վերաբերում է ոչ միայն Պանկիսիի կիրճին, դա վերաբերում է նաև մեր երկրին ընդհանրապես»։

«Այսօր մենք տեսնում ենք նրանց միջամտության անմիջական արդյունքն անգամ սուֆիական մզկիթի իմամ նշանակելու հարցում»:

Մեկնաբանել