Հայաստանի օրակարգում այս պահին ՆԱՏՕ-ին անդամակցելու հարց չկա։ Այդ մասին արգենտինական Todos Noticias հեռուստատեսությանը տված հարցազրույցում այս մասին ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։
«Մենք արդեն իսկ ՆԱՏՕ-ի հետ համագործակցություն ունենք, մասնակցում ենք խաղաղապահ գործողությունների, եղել ենք Աֆղանստանում, վերջերս ավելացրել ենք մեր խաղաղապահների թիվը Կոսովոյում։ Մենք համագործակցության ֆորմատ ունենք։ Եթե նկատի ունեք ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը կամ ձգտումները, ոչ, Հայաստանի օրակարգում այս պահին նման հարց չկա»,- ասել է Միրզոյանը՝ պատասխանելով հարցին, թե պլանավորո՞ւմ է Հայաստանն ավելի մոտ լինել ՆԱՏՕ-ին։
Ինչ վերաբերում է ԵՄ-ի հետ փոխգործակցությանը՝ ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանի ժողովուրդն ունի եվրոպական ձգտումներ։ Միրզոյանը հիշեցրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Եվրախորհրդարանում արած հայտարարությունը, որ Հայաստանը պատրաստ է այնքան մոտ լինել Եվրամիությանը, որքան ԵՄ-ը դա հնարավոր կհամարի։
Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակին: Նա խոսել է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտման, ՀՀ ինքնիշխան տարածք ներխուժումների, առկա մարտահրավերների և դրանց հանգուցալուծմանն ուղղված Հայաստանի ջանքերի մասին:
«Բարդություններ կան, մարտահրավերներ կան, իհարկե, բայց մենք հավատում ենք, որ հնարավոր է հասնել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքմանը: Մեր կողմից մենք կառուցողական ջանքեր ենք գործադրում՝ լուծումներ գտնելու համար։ Երբ մենք խոսում ենք պայմանագրի ստորագրման մասին, ապա կան կարևոր կետեր, որոնց շուրջ պետք է լինի փոխհամաձայնություն: Դրանցից է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումն ու սահմանների սահմանազատումը՝ հիմնված 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,- ասել է նա։