Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հերքել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե հայկական զինված ուժերը իբր տեղաշարժեր է իրականացնում սահմանին։
«Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելությունն ամբողջ օրվա ընթացքում պարեկություն է իրականացրել հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Ամեն ինչ հանգիստ է, անսովոր տեղաշարժեր չեն նկատվել»,- ասված է առաքելության X-ի էջում կատարած գրառման մեջ։
EUMA patrolled along the AM-AZ border all day long, everything is calm and quiet, no unusual movements observed. EUMA wishes everybody a peaceful Easter! ✨
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) March 31, 2024
ԵՄ դիտորդական առաքելության այս գրառմանն արձագանքել է նաև Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը․ «Ուրախ եմ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության կողմից հաստատում ստանալու համար, որ անսովոր ռազմական տեղաշարժեր չեն նկատվել։ Հենց սա է առաքելության հիմնական նպատակը՝ ապահովել առավել թափանցիկություն և վստահություն կառուցել։ Առաքելությունը շարունակում է բաց մնալ նաև Ադրբեջանի իշխանությունների ավելի շատ փոխգործակցության համար»,- գրել է Կլաարը։
Good to have confirmation from @EUmARMENIA that no unusual military movements have been observed. That is what the purpose of the mission is: to provide greater transparency and build confidence. It remains open to more engagement also with the authorities of 🇦🇿. https://t.co/hIxU5wvqTh
— Toivo Klaar (@ToivoKlaar) March 31, 2024
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել, թե հայկական զինված ուժերն Ադրբեջանի հետ սահմանին տեղաշարժեր են իրականացնում, ինչը հերքեց Հայաստանի պաշտպանության նախարարությունը՝ շեշտելով, որ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության տարածած հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։
«Մարտի 30-ին տելեգրամյան մի շարք ալիքներում տարածվել են ՀՀ ԶՈւ շարքերը համալրած նորակոչիկ վարորդների՝ ուսումնական գործընթացի շրջանակում կատարած ավտոերթի լուսանկարներ՝ փորձելով դրանք ներկայացնել որպես դեպի սահմաններն ուղղված զորաշարժ, ինչն իրականությանը չի համապատասխանում»,- հայտնել էր Հայաստանի ՊՆ-ը։