Ընդդիմությունը սահմանազատման թեմայով հրատապ քննարկում կհրավիրի

Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները առաջիկա քառօրյա նիստում հրատապ քննարկում կհրավիրեն սահմանազատման և սահմանագծման թեմայով։ Այդ մասին ապրիլի 1-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

«Մեզ համար կան բազմաթիվ անհայտներ։ Ակնկալում ենք, որ իշխանությունները վերջիվերջո կներկայացնեն, թե ինչի հիման վրա են իրենք պնդում, որ Տավուշից ինչ-որ հատված պատկանում է Ադրբեջանին»,- ասել է պատգամավորը։

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի համաձայն՝ պատգամավորներն իրավունք ունեն հերթական նիստերի երեքշաբթի օրվա երրորդ հիմնական նիստում անցկացնել հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով մեկ քննարկում։ Ըստ ԱԺ հերթական նիստերի ժամանակացույցի՝ ընդդիմության նախաձեռնած քննարկումը տեղի կունենա ապրիլի 9-ին։

***

Մարտի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 7-րդ հանդիպումը։ Դրանից երկու օր անց՝ մարտի 9-ին, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարություն տարածեց՝ Հայաստանից պահանջելով անհապաղ վերադարձնել չորս գյուղերը, որոնք, ըստ Բաքվի, Ադրբեջանի Ղազախի շրջանի մասն են։ Ներկայում այդ գյուղերն ընդգրկված են Հայաստանի Տավուշի մարզում։ Դրանք են Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը (Աղաշը), Խեյրիմլին և Կըզըլ Հաջիլին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում տեղի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ սահմանագոտում Ադրբեջանի պահանջած չորս ոչ անկլավային գյուղերը տրվելու են Ադրբեջանին, որպեսզի «պատերազմ թույլ չտանք»։

«Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք։ Մենք կարող ենք էստեղից դուրս գալ, գնանք ասենք՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Ես գիտեմ՝ ինչ է լինելու այդ պատերազմի վերջում»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը Ադրբեջանի պահանջած գյուղերը վերադարձնելու հարցը ներկայացնում է որպես սահմանազատման և սահմանագծման գործընթացի գործնական փուլի մեկնարկ:

Մեկնաբանել