ԱՄՆ-ը հորդորում է զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից․ Պետդեպը՝ հայ-ադրբեջանական լարվածության մասին

ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը, անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին, կոչ է արել զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից և գործողություններից։

«Մենք տեսել ենք Ադրբեջանի կառավարության հայտարարությունը: Չնայած այդ հայտարարություններին, ԵՄ դիտորդական առաքելությունը երեկ հայտարարեց, որ հայ-ադրբեջանական սահմանին հանգիստ է եղել, զորքերի և հրետանու արտասովոր տեղաշարժեր չկան։ Կոչ ենք անում զերծ մնալ ագրեսիվ հռետորաբանությունից, որը կարող է հանգեցնել սահմանին էսկալացիայի և ռազմական գործողությունների: Մենք շարունակում ենք կոչ անել պայմաններ ստեղծել արդար և արժանապատիվ խաղաղության համար»,- ապրիլի 1-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Միլլերը։

Խոսելով Բրյուսելում ապրիլի 5-ին նախատեսված Բլինքեն-Փաշինյան-ֆոն դեր Լայեն հանդիպմանը, Պետդեպարտամենտի խոսնակը նորից հիշեցրել է, որ այն Հայաստանի բարեփոխումների և ժողովրդավարության, տնտեսության մասին է և խաղաղ գործընթացն այս հանդիպման օրակարգում չէ:

«Դա ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Հայաստանի միջև հանդիպում է՝ քննարկելու տնտեսական դիվերսիֆիկացիան, հումանիտար օգնությունը, փախստականներին տրվող աջակցությունը, ինչպես նաև այն աջակցություն է Հայաստանի քաղաքական բարեփոխումներին այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ժողովրդավարությունը և օրենքի գերակայությունը։ Այս հանդիպման առանցքում տարածաշրջանը չէ»,- ասել է Միլլերը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք ադրբեջանական կողմը հրավիրվել է Բրյուսելում կայանալիք հանդիպմանը։

***

Վերջին օրերին Ադրբեջանը կեղծ տեղեկություններ է տարածում, թե իբր հայկական զինված ուժերը սահմանին տեղաշարժեր են իրականացնում։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը և ՀՀ-ում Եվրամիության առաքելությունը քանիցս հերքել են Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունները։

Երեկ՝ ապրիլի 1-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե իբր հայկական ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։ Հայաստանի ՊՆ-ը հերքել է ադրբեջանական կողմի հաղորդագրությունը՝ միևնույն ժամանակ նշելով, որ հենց Ադրբեջանն է Գեղարքունիքի Կութ և Սյունիքի Տեղ համայնքների հատվածներում կրակ բացել հայկական դիրքերի ուղղությամբ։

Մեկնաբանել