Սիրիայում Իրանի հյուպատոսությունը հարձակման է ենթարկվել, զոհվել է յոթ մարդ

Ապրիլի 1-ին հարձակման է ենթարկվել Սիրիայում Իրանի հյուպատոսության շենքը, հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Իրանում կատարվածը ահաբեկչություն են որակել և հարձակումը վերագրել Իսրայելին։

Ըստ իրանական ISNA գործակալության՝ հարձակման հետևանքով զոհվել է յոթ մարդ, որոնցից երկուսը Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) գեներալներ էին՝ Մոհամմադ Ռեզա Զահեդին և Մոհամմադ Հադիհաջ Ռահիմին։

Ապրիլի 2-ին միջադեպի վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին՝ նշելով, որ Իրանի հյուպատոսության դեմ հարձակումը անպատասխան չի մնա։

Հարձակումը դատապարտել է Սիրիայի արտգործնախարար Ֆեյսալ ալ-Միկդադը` հայտարարելով, որ Իսրայելին չի հաջողվի ազդել Սիրիա-Իրան կապերի վրա։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակը կատարվածի վերաբերյալ մտահոգություն է հայտնել և նշել է, որ դեռևս բավարար տեղեկություններ չկան, և այդ կառույցը կսպասի ավելի շատ տեղեկությունների։

Հունվարի 20-ին իրանական կողմը հայտարարել էր Դամասկոսի ուղղությամբ իսրայելական մեկ այլ ավիահարվածի մասին, որի հետևանքով մահացել էր Հեղափոխության պահապանների կորպուսի հինգ զինվորական։

Մեկնաբանել