ՀԱՊԿ-ն արձագանքել է պատասխանատվության գոտու վերաբերյալ Փաշինյանի հարցին

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանում իր պատասխանատվության տարածքը համարում է կարգավորված պետական ​​սահմանների շրջանակներում: РБК-ին այսպես են արձագանքել ՀԱՊԿ-ից՝ պարզաբանելով Կազմակերպության պատասխանատվության գոտու վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահանջին։

«Պատասխանատվության ոլորտի մասին ձևակերպումը բավականին բարդ է, և այն ավելի շատ նպատակ ունի ուշադրություն հրավիրել հանրապետությունում տիրող իրավիճակի վրա, քան ստանալ առարկայական պատասխան։ Համաձայն 2010-ի փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրվել է ՀԱՊԿ-ում, պատասխանատվության գոտին անդամ երկրների ինքնիշխան տարածքն է։ ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է Հայաստանի և նրա հարևանների միջև երկկողմանի հիմունքներով կարգավորված պետական սահմանը»,- ասվում է ՀԱՊԿ պատասխանում։

Մարտի 12-ին Կառավարությունում հրավիրած ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է․ «Մենք պահանջում ենք, որ ՀԱՊԿ-ը պատասխանի մեկ հարցի՝ ո՞րն է ՀԱՊԿ պատասխանատվության գոտին ՀՀ-ում»։ Նրա խոսքով՝ երբ ՀԱՊԿ-ը կպատասխանի այդ հարցին ու այդ պատասխանը կհամապատասխանի ՀՀ պատկերացումներին, դա կնշանակի, որ Հայաստանի ու ՀԱՊԿ-ի միջև հարցերը հասցեագրված են ու լուծված, եթե ոչ՝ Հայաստանը դուրս կգա ՀԱՊԿ-ից։

***

2022-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հարձակվել էր Հայաստանի վրա։ Նույն օրը Հայաստանի պահանջով հրավիրված ՀԱՊԿ խորհրդի նիստում որոշում էր ընդունվել կազմակերպության միացյալ շտաբի պետի ղեկավարությամբ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան։ Առաքելությունը պետք է գնահատեր ստեղծված իրավիճակը, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ հանգամանալից զեկույց պատրաստեր և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության թուլացման վերաբերյալ առաջարկություններ մշակեր։

2022-ի նոյեմբերի 24-ին Երևանում կայացած ՀԱՊԿ գագաթնաժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ պատրաստ չէ ստորագրել Հայաստանին օժանդակություն ցուցաբերելու ՀԱՊԿ որոշման նախագիծը, քանի որ դրանում բացակայում է ադրբեջանական ագրեսիայի վերաբերյալ քաղաքական գնահատականը։

Վերջին ամիսներին Հայաստանի վարչապետը և այլ հայ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն մասնակցել ՀԱՊԿ նիստերին։

Մեկնաբանել