Խաչիկ գյուղի ղեկավարի խնդրանքով ԵՄ առաքելությունը հետևել է գյուղատնտեսական աշխատանքներին

Վայոց ձորի մարզի Խաչիկ գյուղի ղեկավարի խնդրանքով Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելությունը հետևել է տեղի գյուղատնտեսական աշխատանքներին՝ նրանց անվտանգության զգացողությունն ամրապնդելու համար:

«Մենք շարունակում ենք ամենօրյա պարեկային շրջայցերը Հայաստանում՝ Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով։ Մեր դիտորդները հաղորդում են, որ երկրի սահմանային շրջաններում հանգիստ իրավիճակ է»,- ասված է ԵՄ առաքելության X-ի էջում տեղադրված հայտարարությունում։

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին կիսվել է Առաքելության հայտարարությամբ՝ հավելելով, որ դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում սահմանամերձ բնակչությանը։

«Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը շարունակում է տեղում իրականացնել իր աշխատանքը։ Դիտորդների ներկայությունը վստահություն է ներշնչում Ադրբեջանի հետ ռազմական շփման գոտիներում խոցելի բնակչությանը։ Առաքելությունը շոշափելի ապացույցն է այն բանի, որ նրանք մոռացված չեն աշխարհի կողմից»,- գրել է դեսպանը։

Մեկնաբանել