Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել երկու անձ: Հանրային հեռուստաընկերության «Լուրերի» տեղեկություններով՝ նրանք ամուսիններ են՝ Սամվել Գալստյանն ու Մարգարիտա Շահնազարյանը:
Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Լուրերին» տեղեկացրել է, որ անձանց Հայաստան են տեղափոխել նրանց իսկ ցանկությամբ:
«Ցանկացած մարդ, որ տեղափոխվում է իր ցանկությամբ, որևէ անձի չենք կարող դրդել որևէ արարքի. հայտնում են, մենք՝ որպես չեզոք միջնորդ, օգնում ենք, մեր առաքելությունն է ապահովել տեղափոխությունը, երբ հատում են սահմանը, մեր առաքելությունն ավարտվում է, նրանք պատկան մարմինների, հարազատների հետ են»,- ասել է Ամատունին:
Ավելի վաղ Mediahub-ը գրել էր, որ Ստեփանակերտի «պարետ» Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան։ Ըստ լրատվամիջոցի՝ Գորիսում ԱԱԾ-ն նրան ձերբակալել է և բերման ենթարկել։
Քննչական կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ Սարգիս Գալստայինին մեղադրանք է ներկայացվել լրտեսության հոդվածով։ Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։
***
ՍիվիլՆեթի ունեցած տեղեկություններով, Գալստյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, մասնագիտությամբ թուրքագետ է, տիրապետում է թուրքերենի։ Մինչ վերջերս եղել է Արցախի կրթության, գիտության, մշակույթի եվ սպորտի նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալը։
Սարգիս Գալստյանը երկար տարիներ նաև համակարգել է Ստեփանակերտի «Արփեն» ծննդաբեր մայրերի կենտրոնի աշծատանքները՝ հիմնադրված Քարոլայն և Ջորջ Նաջարյանների կողմից: