Հայաստանի իշխանությունը խզում է կապերը ՌԴ-ի հետ՝ հանուն Արևմուտքի նպատակների, կարծում է Զախարովան

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի կարծիքով՝ Հայաստանի իշխանությունները հանուն Արևմուտքի նպատակների խզում են կապերը ՌԴ-ի հետ։

«Հայաստանի ներկայիս իշխանությունները ձգտում են զոհաբերել Ռուսաստանի և այլ մերձավոր դաշնակիցների ու գործընկերների հետ կապերը հանուն անցողիկ բոնուսների, որոնցով Երևանին գայթակղել են Եվրամիությունն ու ԱՄՆ-ը։ Բայց հարցն այն է, որ նրանք մեզ և իրենց գործընկերներին, դաշնակիցներին չեն դավաճանում, այլ նրանք դավաճանում են իրենց ժողովրդին»,- ապրիլի 3-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է Զախարովան։

ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ Երևանը Արևմուտքի «ճնշմանը տրվել է նաև «Միր» քարտերի սպասարկումը դադարեցնելու հարցում»։

«Դա կհարվածի Հայաստանի տնտեսությանը։ Մենք վստահ ենք, որ այդ սահմանափակումների ծախսերն ավելի մեծ կլինեն, քան հիպոթետիկ արևմտյան պատժամիջոցների վնասը։ Ռուսաստանում աշխատող հայերի համար ավելի դժվար կլինի գումար փոխանցել հայրենիք։ Քարտով վճարելու հնարավորությունը կկորցնեն նաև զբոսաշրջիկները։ Կան նաև այլ օրինակներ, թե ինչպես դա կհարվածի Հայաստանի տնտեսությանը»,- ընդգծել է նա։

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանազատման թեմային, Զախարովան կոչ է արել վերականգնել Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան եռակողմ երկխոսության մեխանիզմների աշխատանքը․ «Ժամանակն է վերականգնել նաև եռակողմ մեխանիզմների ռիթմիկ աշխատանքը։ Կոչ ենք անում գործընկերներին վերսկսել իրենց արդյունավետությունն ապացուցած ձևաչափերի գործունեությունը, որոնցում ՌԴ աջակցությամբ սկսվել է ամենաբարդ հարցերի լուծումների որոնումը»։

Մեկնաբանել