Սահմանին լարվածության աճն արդարացում չունի․ Բլինքենը՝ Ալիևին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ապրիլի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Ըստ ամերիկյան կողմի հաղորդագրության՝ քննարկվել է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ գործընթացն առաջ մղելու հարցը։

«Պետքարտուղարն ընդգծել է, որ սահմանին լարվածության աճն արդարացում չունի և զգուշացրել է, որ ցանկացած կողմից ագրեսիվ գործողություններն ու հռետորաբանությունը կխաթարեն խաղաղության հեռանկարները»,- ասված է Պետքարտուղարության տարածած հաղորդագրությունում։

Էնթոնի Բլինքենը նաև հորդորել է ազատ արձակել անարդարացիորեն ձերբակալվածներին:

Ադրբեջանի նախագահի աշխատակազմից հայտնում են՝ հեռախոսազրույցի ընթացքում Իլհամ Ալիևն հայտարարել է, որ անհիմն են Արևմուտքում հնչող մեղադրանքները, թե Ադրբեջանը մտադիր է հարձակվել Հայաստանի վրա: Ալիևը նաև ասել է, որ Ադրբեջանը հավատարիմ է 2022-ին Պրահայում կայացած հանդիպման ժամանակ ընդունված հայտարարությանը և Ալմա-Աթայի հռչակագրին:

Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ Էնթոնի Բլինքենը, անդրադառնալով ապրիլի 5-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետի, ԱՄՆ պետքարտուղարի ու Եվրոպական հանձնաժողովի նախագահի՝ Բրյուսելում նախատեսված հանդիպման վերաբերյալ Իլհամ Ալիևի մտահոգություններին, ընդգծել է, որ այն ուղղված չէ Ադրբեջանի դեմ։

Ադրբեջանի նախագահն իր հերթին նշել է, որ չնայած Բաքվի հիմնավոր մտահոգություններին, ապրիլի 5-ին նախատեսված հանդիպումը հետաձգելու մերժումը կսրի լարվածությունը Հարավային Կովկասում և նոր բաժանարար գծեր կստեղծի՝ խաղաղություն հաստատելու փոխարեն:

Մեկնաբանել