Թաթա Շոշիաշվիլի, OC Media
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը կրկին օրակարգ բերելու նախաձեռնությունը բացասական արձագանքի է արժանացել միջազգային մակարդակով: Շատերը նախազգուշացրել են, որ դա կարող է լուրջ վնաս հասցնել ԵՄ-ին երկրի հնարավոր անդամակցությանը:
Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը օրինագիծը կրկին ներկայացրել է չորեքշաբթի՝ չնայած նախկինում խոստացել էր այն կրկին օրակարգ չբերել: Օրենքն ընդունելու կուսակցության նախորդ փորձը 2023-ի մարտին ձախողվել էր Թբիլիսիում երկու գիշեր տևած զանգվածային բողոքի ցույցերից հետո։
Այս օրինագիծը նույնն է, ինչ 2023-ին բերված տարբերակը։ Միակ բացառությունն այն է, որ կազմակերպությունները, որոնք ֆինանսավորում են ստանում օտարերկրյա դոնորներից, օրինագծում նշվում են որպես «օտարերկրյա պետության շահերն իրականացնող կազմակերպություններ»՝ «օտարերկրյա ազդեցության գործակալների» փոխարեն:
Հինգշաբթի Եվրամիությունը հայտարարել է, որ օրենքի նախագիծը կրկին օրակարգ բերելը «լուրջ մտահոգություններ է առաջացնում»։
«Եվրամիությունը հիշեցնում է անցյալ տարի Վրաստանի կառավարության և իշխող կուսակցության հրապարակային խոստումը «առանց պայմանների հետ կանչելու» նման օրենսդրությունը», ասվում է ԵՄ հայտարարությունում։ «ԵՄ-ն ափսոսանք է հայտնում, որ այն ևս մեկ անգամ քննարկվում է՝ չնայած 2023-ի մարտին տեղի ունեցած հասարակական և միջազգային ուժեղ արձագանքներին»։
ԵՄ-ը նաև նշել է, որ այդ քայլը վտանգի տակ կդնի ԵՄ-ին Վրաստանի անդամակցության դիմումը:
«ԵՄ-ն հիշեցնում է, որ Եվրոպական խորհուրդը Վրաստանին թեկնածուի կարգավիճակ է շնորհել՝ հաշվի առնելով, որ ձեռնարկվել են Հանձնաժողովի 2023-ի նոյեմբերի 8-ի հանձնարարականում նշված համապատասխան քայլերը»,- հայտարարել է ԵՄ-ն՝ կոչ անելով կառավարությանը «պահպանել ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքներին աջակցելու իր հանձնառությունը»։
«Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար բարենպաստ միջավայրի ստեղծումն ու պահպանումը և ԶԼՄ-ների ազատության ապահովումը ժողովրդավարության հիմքն է։ Այն նաև կարևոր է ԵՄ անդամակցության գործընթացի համար»,- ասվում է ԵՄ հայտարարությունում:
Եվրախորհրդարանի պատգամավոր Վիոլա ֆոն Կրամոնը նույնպես քննադատել է օրենքի նախագիծը և «Վրացական երազանք»-ին մեղադրել Ռուսաստանի «ցուցումներին» հետևելու մեջ։
🇬🇪 @GeorgianDream41 got new instructions from their masters in the Kremlin. They are so uncreative that they reintroduced the same 🇷🇺 law that Georgian people said NO to.
This law has one goal – to sabotage Georgia's European future. To keep 🇬🇪 in the Russian swamp. Bad idea.— Viola von Cramon 🇺🇦🇪🇺🇮🇱 (@ViolavonCramon) April 3, 2024
Եվրախորհրդարանի մեկ այլ պատգամավոր Միրիամ Լեքսմանը հայտարարել է, որ «Վրացական երազանք»-ը ևս մեկ անգամ ապացուցել է, որ «պատրաստ է սաբոտաժի ենթարկել Վրաստանի եվրոպական բարեփոխումների ուղին»:
Լիբերալ գերմանացի պատգամավոր և Գերմանիայի խորհրդարանի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի անդամ Թոմաս Հաքերը նույնպես «Վրացական երազանք»-ին մեղադրել է քաղաքացիական հասարակության վրա ճնշում գործադրելու փորձ անելու մեջ:
Կրկին օրակարգ բերված օրինագիծը չորեքշաբթի քննադատության էր արժանացել նաև Վաշինգտոնում: ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը հիշեցրել է, որ վրացիները անցյալ տարի կարողացան ստիպել իշխող կուսակցությանը չեղյալ համարել օրենքը։
«Ես պարզապես կասեի, որ անցյալ տարի տասնյակ հազարավոր վրացիներ դուրս եկան փողոց՝ բարձրաձայնելու իրենց եվրոպական հավակնությունների մասին և մերժելու այս օրենքը կյանքի կոչելու վերջին փորձը,- ասել է նա,- Վրաստանը պատմական հնարավորություն ունի սկսելու ԵՄ-ին անդամակցելու բանակցությունները, և մենք պատրաստ ենք շարունակելու Վրաստանին ցուցաբերվող աջակցությունն այդ գործընթացում»:
ԱՄՆ Սենատում հանրապետական սենատոր Ջիմ Ռիշը և դեմոկրատ սենատոր Ջին Շահինը համատեղ հայտարարություն են տարածել՝ կոչ անելով «Վրացական երազանքին» հրաժարվել այս օրինագծից։
«Այս օրենքի նախագիծը ոչ միայն քաղաքական գործընթացը կտանի սխալ ուղղությամբ, այլև կվնասի Վրաստանի անդրատլանտյան ինտեգրմանը և նրա ապագային Եվրամիությունում»,- հայտարարել են նրանք։
Հինգշաբթի ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպման ժամանակ գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ասել է, որ դեմ է այդ օրինագիծը կրկին ընդունելու կառավարության փորձին, «որովհետև դա իրականում հակասում է Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված ողջ ջանքերին»:
«Վրաստանը պետք է աշխատի բարեփոխումների վրա՝ ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը մերձենալու համար, և Եվրամիությունը շատ հստակ է այս հարցում»,- շարունակել է նա։
Չորեքշաբթի «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը (RSF) հայտարարել է, որ այս օրինագիծը նման է Ղրղզստանում ներկայացված օրենքի նախագծին, որը ստորագրվել է «Վրացական երազանք»-ի կողմից այս նախագիծը կրկին օրակարգ բերելու նախօրեին:
«Այս օրինագիծը, որը հիմնականում ոգեշնչված է Ռուսաստանի օտարերկրյա գործակալների մասին օրենսդրությամբ, լուրջ վտանգ է ներկայացնում Վրաստանում մամուլի ազատությանը և նրա եվրոպական ուղուն»,- OC Media-ին ասել է RSF-ի ներկայացուցիչը:
«Ռուսաստանում այսօր «օտարերկրյա գործակալների» լրատվամիջոցների ռեգիստրն այժմ ներառում է գրեթե 300 անուն (ֆիզիկական կամ իրավաբանական անձինք)… Մենք հուսով ենք, որ վրացական իշխանությունները չեն գնա ահաբեկման և գրաքննության ճանապարհով, և կոչ ենք անում «Վրացական երազանք» կուսակցությանը միանշանակ հրաժարվել այդ նախագծից»,- ասել է նա։
Անցյալ տարվա բողոքի ակցիաների ժամանակ այս օրինագիծը քննադատողներն այն անվանում էին «ռուսական օրենք», քանի որ այն նման է օրենքին, որն օգտագործվում է Ռուսաստանում քաղաքացիական հասարակությանը և այլախոհությունը ճնշելու համար:
Չորեքշաբթի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին սպառնացել է անջատել այն պատգամավորների խոսափողները, որոնք օրինագիծը կանվանեն «ռուսական օրենք»։
«Ես թույլ չեմ տա հակավրացական քարոզչություն և այս խոսույթը այստեղ»,- խորհրդարանի նիստի ժամանակ ասել է Պապուաշվիլին։
The speaker of the Georgian parliament has threatened to turn off the microphone of any MP who refers to the government’s foreign agent law as the ‘Russian law’.
📰 Read more on the new foreign agent law: https://t.co/Z7GJPhXnNk pic.twitter.com/yhI2OvbaRt
— OC Media (@OCMediaorg) April 3, 2024
Հինգշաբթի Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը քննադատել է «Վրացական երազանք»-ի օտարերկրյա գործակալների մասին օրենքի և Ռուսաստանի օրենսդրության միջև անցկացված զուգահեռները՝ հայտարարելով, որ «ոչ մի ինքնիշխան պետություն չի ցանկանում այլ երկրների միջամտությունն իր ներքին քաղաքականությանը»։
Նոր օրինագիծը «օտարերկրյա պետության շահերն իրականացնող կազմակերպություններ» է անվանում քաղաքացիական հասարակության կամ լրատվական այն կազմակերպություններին, որոնք իրենց ֆինանսավորման առնվազն 20%-ն ստացել են դրսից։ Բացի դրանից՝ Արդարադատության նախարարությունը յուրաքանչյուր վեց ամիսը մեկ «կմշտադիտարկի» նման կազմակերպություններին։ Իրավաբանները զգուշացրել են, որ դրա շրջանակում նախարարությունը կարող է նրանց ստիպել, որպեսզի տրամադրեն իրենց ներքին հաղորդակցությունը և գաղտնի աղբյուրները: Այն կազմակերպությունները, որոնք չեն կատարի օրենքի պահանջները, կենթարկվեն խոշոր տուգանքների: