Վրաստանի խորհրդարանն  ընդունել է գենդերային քվոտաների վերացման փոփոխությունները 

Վրաստանի խորհրդարանը։ Նկարազարդումը՝ OC Media-ի:

Թաթա Շոշիաշվիլի, OC Media

Վրաստանի խորհրդարանը քվեարկել է խորհրդարանական ընտրական ցուցակներում գենդերային քվոտաները չեղյալ համարելու օգտին՝ պատգամավորների միջև բախումներով և փոխադարձ վիրավորանքներով ուղեկցված նիստում։

Հինգշաբթի Վրասատանի խորհրդարանը հավանություն տվեց Ընտրական օրենսգրքում փոփոխություններին՝ չեղարկելով 2020-ին կատարված փոփոխությունները, ըստ որոնց՝ կուսակցության նախընտրական ցուցակի յուրաքանչյուր չորրորդ թեկնածուն պետք է տարբեր լինի նախորդ երեքի սեռից:

Իշխող կուսակցությունը երկուշաբթի հայտարարեց ազատական «Գիրչի-Նոր քաղաքական կենտրոն» կուսակցության ներկայացրած նախաձեռնությանը սատարելու մասին։ Փոփոխություններն անցկացվեցին արագացված երեք ընթերցմամբ հաջորդ օրերին և ընդունվեցին վերջին լսումների ժամանակ՝ 85 կողմ, 22 դեմ ձայներով։

Օրինագծում «Գիրչին» գենդերային քվոտաների վերացումը նկարագրում է որպես «օգնություն քաղաքականությամբ հետաքրքրվող կանանց՝ խուսափելու քվոտաների պատճառով իրենց հեղինակությանը հասցված վնասից»:

Տե՛ս՝ Վրացական երազանքը կչեղարկի խորհրդարանի գենդերային քվոտաները

Վրացական երազանքը երկուշաբթի հայտարարել էր, որ կաջակցի «Գիրչիի» նախաձեռնությանը։ Դրա դիմաց «Գիրչին» օգնելու է Վրացական երազանքին հաղթահարելու նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի վետոն Ընտրական օրենսգրքի ավելի վաղ ներկայացված վիճահարույց փոփոխությունների նկատմամբ:

Հետագա օրերին օրենսդրական փոփոխությունների քննարկումն անցավ բացահայտ առճակատման, սեքսիստական ու կնատյաց հայտարարություններով։

Չորեքշաբթի Վրացական երազանքի պատգամավոր Բեկա Օդիշարիան արձագանքեց քննարկմանը՝ բարձրաձայն վիրավորելով կին ընդդիմադիր պատգամավորներին։

«Ես ձեր ․․․․, ա՛յ էգերի նախիր։ Սա հաստատ չկենակցած [մեղմացված – ՍիվիլՆեթ] կանանց սինդրոմ է»,- հայտարարեց Օդիշարիան:

Նույն օրը օրինագիծը քննարկելիս «Գիրչիի» պատգամավոր Վախթանգ Մեգրելիշվիլին նույնպես խորհրդարանում իրեն թույլ տվեց սեքսիստական հայտարարություններ։

«Ինձ շատ դուր կգար, եթե հիմնականում կին լիներ։ Որպես [քաղաքականությամբ] տարված մարդ՝ ես շատ ավելի հաճույքով իմ ժմանակը կանցկացնեի հակառակ սեռի մարդկանց հետ,- ասում էր նա։- «[Բայց] կանայք իսկապես ավելի քիչ են հետաքրքրված [քաղաքականությամբ], քան տղամարդիկ»:

«Եթե ես կարողանայի իմ հաճույքի համար բռնի ուժով կանանց բերել [խորհրդարան], դուք ինձ այլ կերպ կկոչեիք, այնպես չէ՞։ Հարե՞մ սարքեմ [իմ հաճույքի համար]»,- ասաց նա։

Համատարած քննադատությունից հետո Օդիշարիան ներողություն խնդրեց իր մեկնաբանությունների համար՝ միաժամանակ նշելով, որ ինքը չի վիրավորել որևէ կոնկրետ անձի։ Նա ասաց, որ նույնքան վիրավորական է իրեն և իր կուսակիցներին ռուսամետ անվանելը:

Նույն օրը ավելի ուշ նա ուղղակի վիրավորեց «Լելոյի» պատգամավոր Սալոմե Սամադաշվիլիին՝ ասելով, որ նա հոգեբույժի կարիք ունի։

Սամադաշվիլին Օդիշարիային և Մեգրելիշվիլիին կոչ էր արել նարկոթեստ անցնել՝ հաշվի առնելով կին պատգամավորների նկատմամբ նրանց պոռթկումները։ Օդիշարիան պատասխանել էր, որ Սամադաշվիլին պետք է դիմի հոգեբույժի, և որ ինքը «պատասխանատվություն կկրի» միայն դրանից հետո։

Հինգշաբթի Լատվիայի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռիհարդս Կոլսը պահանջել է չեղարկել Օդիշարիայի՝ Վրաստանում Լատվիայի պատվավոր հյուպատոսի կարգավիճակը։ «Օդիշարիան այն մարդն է, որին Լատվիան վստահում է իր ներկայացուցչությունը [Վրաստանում],- գրել է Կոլսը։- Բավարար պատճառներ կան պատվավոր հյուպատոսի կարգավիճակը հետ վերցնելու համար».

Չորեքշաբթի կայացած ճեպազրույցում նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին քննադատել է իշխող կուսակցությանը՝ քվոտաների վերացման որոշմանը աջակցելու համար։

«Ո՛չ կանանց իրավունքներին,- հեգնանքով հայտարարում էր նա։- Ո՛չ գենդերային հավասարության վերաբերյալ մեր՝ գործնականում իրականացված միակ հանձնարարականին»։

Տե՛ս՝ Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրում է ԵՄ հայտը «սաբոտաժի» ենթարկելու մեջ

Նախագահ Զուրաբիշվիլին պետք է հաստատի փոփոխությունները, որպեսզի դրանք կյանքի կոչվեն։ Եթե նա որոշի վետո դնել փոփոխությունների վրա, դրանք կվերադարձվեն խորհրդարանի քննարկմանը:

«Գենդերային պարտադիր քվոտաները՝ որպես հավասարության հասնելու ժամանակավոր նորմ, ներկայացնում են եվրոպական երկրներում հաստատված լավագույն փորձը, և դրա ներդրումը Վրաստանում դրական է գնահատվել միջազգային մի շարք կազմակերպությունների կողմից»,- հայտարարել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ – Վրաստանը»։

Մեկնաբանել