Ապրիլի 8-ին արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ: Հայաստանի ԱԳՆ-ն հայտնում է, որ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև գործընկերության, ինչպես նաև տարածաշրջանային կայունության հարցեր։
«Անդրադարձել է կատարվել Հարավային Կովկասում կայուն և հարատև խաղաղության հաստատմանն ուղղված քայլերին: Այս համատեքստում Արարատ Միրզոյանն ընդգծել է Հայաստանի հանձնառությունն ու ջանքերը՝ նշելով թշնամանքից զերծ մթնոլորտի ձևավորման, առանցքային հարցերում հստակ հանձնառության կարևորությունը: Նախարարը ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում երկու առանցքային հարցերի՝ տարածքային ամբողջականության ճանաչման վերահաստատման, սահմանների անքակտելության և տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման հարցերում ՀՀ մոտեցումները: Միրզոյանը շեշտել է գործընթացում 1991-ի Ալմա-Աթայի հռչակագրի, ինչպես նաև միջազգային իրավունքի հանրահայտ սկզբունքներին հավատարմության կարևորությունը»,- ասված է հաղորդագրությունում։
Հանդիպմանը մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ավելի քան 100 հազար հայերի՝ հատկապես խոցելի խմբերի իրավունքների միջնաժամկետ ու երկարաժամկետ կարիքների հասցեագրման շուրջ։
«Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Եվրոպայի խորհրդի միջև կարևոր ու արդյունավետ համագործակցությունը՝ միտված օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում ՀՀ կառավարության առաջնահերթյունների ու բարեփոխումների օրակարգի կյանքի կոչմանը: Նախարարն ընդգծել է նաև նախորդ տարվա սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական հարձակումից և ԼՂ էթնիկ զտումից հետո ԵԽ արագ արձագանքը, այդ թվում՝ նոր մարտահրավերների հասցեագրման նպատակով նշյալ ծրագրի հարմարեցման կարևորությունը»,- նշված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Հանդիպման վերաբերյալ X-ի իր էջում գրառում է կատարել նաև Մարիա Պեյչինովիչ Բուրիչը՝ շնորհակալություն հայտնելով «ջերմ ընդունելության և շատ լավ հանդիպման համար»։
Thanks Minister @AraratMirzoyan for the warm welcome in Armenia today & the very good meeting/Merci M. le Ministre @AraratMirzoyan pour l'accueil chalereux à Erevan aujourd'hui et la très bonne réunion @armrepcoe
— Marija Pejčinović Burić (@MarijaPBuric) April 8, 2024
Եվրոպայի խորհրդի Գլխավոր քարտուղարը Երևանում հանդիպել է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ․ «Հիանալի հանդիպում ունեցա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Երևանում։ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին՝ բարեփոխումների գործընթացում»,- X-ի իր էջում գրել է Պեյչինովիչ Բուրիչը։
Excellent meeting w/PM @NikolPashinyan today in Yerevan @coe will continue to support Armenia in its reform process/Excellente réunion à Erevan avec le PM @NikolPashinyan @coe_fr continuera à soutenir l'Arménie dans son processus de réformes @armrepcoe
— Marija Pejčinović Burić (@MarijaPBuric) April 8, 2024