Հայաստանում արդար ընտրություններին հավատում է կանանց 13% և տղամարդկանց 12%-ը. Gallup

Հայաստանն ընտրությունների արդարությանն ամենաքիչը հավատացող երկրների եռյակում է: Այս մասին են վկայում 2011թ. ամերիկյան Gallup սոցիոլոգիական ընկերության` 125 երկրների շրջանում անցկացրած հարցման արդյունքները, որոնք վկայում են, որ ամբողջ աշխարհում կանայք ավելի քիչ են հավատում արդար ընտրություններին, քան տղամարդիկ:

Իրենց երկրներում արդար ընտրություններին հավատում են կանանց 46 և տղամարդկանց 48%-ը: Ընդ որում` հավատն արդար ընտրությունների նկատմամբ ավելի մեծ է զարգացած երկրներում:

Բարձր եկամուտներ ունեցող երկրներում կանայք ավելի թերահավատ են: Այդպիսի երկրներում տղամարդկանց 61%-ն է համոզված, որ ընտրություններն արդար են, իսկ կանանց շրջանում այս ցուցանիշը 53% է:

Ամենացածր եկամուտներն ունեցող երկրներում կանանց և տղամարդկանց տեսակետներում տարբերություն չկա` այս երկրներում թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց 49%-ն է հավատում ընտրությունների արդարությանը:

Ամենաքիչը ընտրությունների արդարությանը հավատում են Հայիթիում, Մոնղոլիայում, ապա` Հայաստանում: Այստեղ կանանց 13%-ն է հավատում, որ ընտրություններն արդար են անցնում, տղամարդկանց` 12%-ը:

Հայաստանի հարևան Վրաստանում կանանց 41, իսկ տղամարդկանց 44%-ն է հավատում արդար ընտրություններին, իսկ Ադրբեջանում` կանանց 54, իսկ տղամարդկանց 58%-ը:

Gallup-ը յուրաքանչյուր երկրում հարցում է անցկացրել 1 հազ. հոգու շրջանում։

Մեկնաբանել