ՊՆ-ը կրկին հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու տեղեկությունը

Հայաստանի պաշտպանության նախարարությունը կրկին հերքում է ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին հաղորդագրությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։ Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 9-ին՝ ժամը 10։40-ին, ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը»,- ասված է հաղորդագրությունում։

Ըստ ադրբեջանական կողմի հաղորդագրության՝ հայկական ստորաբաժանումներն իբր կրակել են Ջերմուկի հատվածում տեղակայված դիրքերից։

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ հերքել էր ապրիլի 8-ի գիշերը սահմանի հարավարևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակելու մասին տեղեկությունը։ Միևնույն ժամանակ, ՊՆ-ն նշել էր, որ Ադրբեջանն է կրակ բացել Արավուսի և Խոզնավարի հատվածներում։

Ապրիլի 5-ից սկսած ադրբեջանական ստորաբաժանումները սահմանագոտու Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մի շարք ուղղություններում տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից փոփոխական ինտենսիվությամբ կրակում են Հայաստանի զինված ուժերի դիրքերի ուղղությամբ։ Ըստ Հայաստանի պաշտպանության նախարարության՝ Ադրբեջանի կրակոցների գերակշիռ մասը ոչ նպատակային և անկանոն է: Ապրիլի 7-ին Սյունիքի Տեղ գյուղի հատվածում ադրբեջանական կրակի հետևանքով վնասվել է նույն գյուղի տներից մեկի պատուհանը։

Մեկնաբանել