Սահմանազատումը Տավուշից սկսելու հարցը դեռ քննարկման փուլում է, վերջնական որոշում չկա․ փոխվարչապետ

Փոխվարչապետ, հայ-ադրբեջանական սահմանազատման հանձնաժողովի համանախագահ Մհեր Գրիգորյանը հայտարարել է, որ սահմանազատումը Տավուշից սկսելու հարցը դեռ քննարկման փուլում է. «վերջնական որոշում չկա»։

Նրա խոսքով՝ սահմանազատումը Տավուշի հատվածից սկսելու մասով որոշում կարող է լինել միայն այն դեպքում, երբ անվտանգության, իրավական, սոցիալ-կենցաղային սկզբունքային հարցերի շուրջ կլինի կոնսենսուս։

«Սահմանազատման հատվածների, կարևորագույն սկզբունքների՝ անվտանգություն, սոցիալ-կենցաղային, իրավական հարցերի շուրջ մինչև վերջնական որոշումներ չլինեն, սահմանազատման մեկնարկի բանակցություններ սկսելու մասին որոշում չենք ունենա»,- ապրիլի 9-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Մհեր Գրիգորյանը։

***

Մարտի 7-ին տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների 7-րդ հանդիպումը։ Դրանից երկու օր անց՝ մարտի 9-ին, Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի գրասենյակը հայտարարություն տարածեց՝ Հայաստանից պահանջելով անհապաղ վերադարձնել չորս գյուղերը, որոնք, ըստ Բաքվի, Ադրբեջանի Ղազախի շրջանի մասն են։ Ներկայում այդ գյուղերն ընդգրկված են Հայաստանի Տավուշի մարզում։ Դրանք են Բաղանիս Այրումը, Ներքին Ոսկեպարը (Աղաշը), Խեյրիմլին և Կըզըլ Հաջիլին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում տեղի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ սահմանագոտում Ադրբեջանի պահանջած չորս ոչ անկլավային գյուղերը տրվելու են Ադրբեջանին, որպեսզի «պատերազմ թույլ չտանք»։

«Մեր քաղաքականությունն այն է, որ պետք է պատերազմ թույլ չտանք։ Մենք կարող ենք էստեղից դուրս գալ, գնանք ասենք՝ չէ, չկա, էն էլ չկա, էն էլ չկա, դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսվելու։ Ես գիտեմ՝ ինչ է լինելու այդ պատերազմի վերջում»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետը Ադրբեջանի պահանջած գյուղերը վերադարձնելու հարցը ներկայացնում է որպես սահմանազատման և սահմանագծման գործընթացի գործնական փուլի մեկնարկ:

Մեկնաբանել