Ոճերի բազմազանություն, թեմաների սակավություն․ առաջին «Տոնապետի» ամփոփումը

Երբ առաջարկ ստացա մաս կազմելու լուսահոգի գրող Վրեժ Իսրայելյանի նշանային «Տոնապետ» պատմվածքի անունով գրական առաջին մրցանակաբաշխության հանձնաժողովի ու սիրով համաձայնեցի, գրեթե վստահ էի, որ քսանհինգ–երեսուն հայտից ավելին չի լինի։ Սովորաբար հենց այդքան էլ լինում են Հայաստանում անցկացվող մրցանակաբաշխություններին ներկայացված ստեղծագործությունները։

Առաջին «Տոնապետին» իրենց պատմվածքներն ուղարկեցին 150 հեղինակ։ Այն վերածվեց ժամանակակից հայ գրականության, մասնավորապես գեղարվեստական արձակի ամենանուրբ ու բարդ ժանրի՝ պատմվածքի յուրօրինակ հաշվետվության։

Մրցույթին մասնակցեցին թե՛ հայրենաբնակ և թե՛ Սփյուռքում ապրող՝ վաստակ ու հեղինակություն վայելող, ինչպես նաև մեծ թվով երիտասարդ հեղինակներ։ Ինչո՞ւ այդքան մեծ արձագանք գտավ մրցանակաբաշխության հրավերը։ Դրա համար հավանաբար կար մի քանի նախադրյալ։ Այդքան մեծ մասնակցությունը առաջին հերթին պայմանավորված էր տարիների ընթացքում գրական մրցանակների նվազումով։ Չկան այլևս պետական ու Պողոսյան հիմնադրամի, այսինքն նախագահի մրցանակները։ Տարիներ առաջ գործում էր նաև Ռուսաստանի հայերի միության սահմանած «Հայը 21–րդ դարում» գրական մրցանակաբաշխությունը, որը նույնպես վաղուց ոչ ևս է։

Այդ ամենն այդպես է, բայց «Տոնապետին» մեծ մասնակցության գլխավոր «մեղավորը», իմ կարծիքով, հենց Վրեժ Իսրայելյանի թողած գրական ժառանգության ու մարդկային տեսակի նկատմամբ գրական շրջանակների ակնածալից վերաբերմունքն է։

Վրեժ Իսրայելյանին կենդանության օրոք բարդ մարդ էին համարում կամ բարդ բնավորության տեր մարդ։ Սովորաբար մեզանում այդ որակումն ստանում է անաչառ, իր գաղափարների ու խղճի դեմ որևէ պայմանով զիջումների չգնացող անհատը։ Վրեժ Իսրայելյանը ծռության աստիճանի սկզբունքային էր, մի քիչ խենթ, անսահման բարի ու կամեցող ձեռնահաս։

Անշուշտ ոչ բոլոր հեղինակները, բայց մեծ մասը համոզված են եղել, որ Վրեժ Իսրայելյանի և նրա ստեղծագործության անունը կրող մրցանակաբախշությունը չի կարող նույնքան ազնիվ ու անաչառ չլինել ու չէին սխալվել։ Բայց որոշ հեղինակներ սխալվել էին, որ հատուկ այս մրցույթի համար պատմվածք գրելով, փորձել էին իրենց ստեղծագործությունը, մեղմ ասած՝ «համահունչ» դարձնել Վրեժ Իսրայելյանի արձակին։ Խոսքը ոճի մասին չէ, դժվար է նմանակել նրա գրական ոճի ինքնատիպությունը։ Ավելի շուտ փորձել էին կրկնել իրենց կարծիքով Իսրայելյանի նախընտրելի թեմաները և այստեղ նույնպես վրիպել էին։ Սասունցու կամ սարոյանական թավ բեղերով Վրեժ Իսրայելյանը թեև ուղնուծուծով սասունցի էր, բայց չգնաց իր նախորդների՝ Խաչիկ Դաշտենցի ու Մուշեղ Գալշոյանի բացած գրական արահետով, թեև դա ավելի հեշտ էր ու մատչելի։ Վրեժ Իսրայելյանի արձակին չես տա կարոտի գրականություն անվանումը, նրա ստեղծագործություններում չկա ֆիդայության գովք, չկա ազատագրական պայքարի հերոսացման փորձ։ Խոսքը լավ ու վատի, արժեքավորի կամ ոչ այնքան արժեքավորի մասին չէ, այլ՝ տարբերության։

Կարոտը, հայրենիքի կորստի ցավը Իսրայելյանի գործերում կատարելապես վերացարկված է, մղված ենթագիտակցական շերտեր, բառերով ձևակերպված լինելու փոխարեն խոսուն լռությամբ է արտահայտված։ Ավելին, այդ և այլ թեմաները Վրեժ Իսրայելյանի արձակում հաճախ ինքնահեգնանքի, երբեմն ողբերգականորեն ցավոտ երգիծանքի նշաններ են ձեռք բերում։ Սա գրողի կեցվածքն է՝ իր և աշխարհի մշակույթների, իր և այլ հայրենիքների հարաբերության, իր և օտար հեղինակների հերոսների համեմատության ոլորաններում։ Ո՞վ է հայը առհասարակ, ո՞վ է այսօրվա հայը՝ սասունցի լինի, թե՝ ոչ, ի՞նչ է ուզում աշխարհից, ի՞նչ պարտք ունի տալու աշխարհին և ի՞նչ պարտքեր է հետ պահանջում աշխարհից․ սրանք են Իսրայելյան արձակագրին մտատանջող թեմաները, որոնք գրողական խաղացկուն ոճի մեջ կարող են և չնկատվել, քանի որ նրբորեն թաքցված են ընթերցողից երբեմն զվարթ երկխոսությունների, երբեմն բազմիմաստ նկարագրությունների ստվերով և երբեք հանդես չեն գալիս որպես դեղատոմս, եզրահանգում ու խրատ։

Դառնանք կրկին մրցանակաբաշխությանը։ Մրցույթի ներկայացված պատմվածքների մի զգալի մասը նույն թեման ուներ՝ պատերազմ, շրջափակված, այնուհետ բռնազավթված Արցախ ու տեղահանված արցախցիներ։ Թեման տաք է, բաց վերքի պես տրոփուն, և դեռ դժվար է ցավից բարձրանալով արժեքավոր գրական տեքստ ստանալ։ Թեև այս թեմայով պատմվածքների գերակշռող մասը միայն ցավ էր ու գրական արժեքի չհասնող պատմություն, այնուհանդերձ կային վեց–յոթ պատմվածքներ, որոնց հեղինակները կարողացել էին առանց այդ ցավը հաղթահարելու ջանքի, հետաքրքիր, ընդհանրացումների տանող գործ ստեղծել։ Մրցանակաբաշխության կազմակերպիչները հայտարարել էին, որ հանձնաժողովը գնահատելիս առաջնորդվելու է ոչ թե թեմաների ընտրությամբ, այլ միայն ու միայն պատմվածքների գրական արժանիքների կարևորմամբ։

Այդպիսով մեր երկրի ու ժողովրդի հետ վերջին տարիներին կատարված ողբերգական իրադարձությունները շոշափող պատմվածքներից միայն մեկը հաղթահարեց մրցույթի առաջին փուլն ու տեղ գտավ լավագույն տասնհինգ գործերի ցանկում՝ Հրաչ Բեգլարյանի «Արծիվը»։ Հանձնաժողովը, որը գլխավորում էր Վրեժ Իսրայելյանի որդին՝ արձակագիր Մհեր Իսրայելյանը, իսկ անդամներն էին Սուսաննա Հարությունյանը, Աղավնի Գրիգորյանը, Արմեն Ավանեսյանը և ես, նախապես հայտարարված տասը պատմվածքի փոխարեն որոշեց տասնհինգին շանս տալ պայքարելու մրցանակների համար։ Այդուհետ ավելի բարդ էր այդ տասնհինգից ընտրել լավագույններին։

Ի վերջո մրցույթի արդյունքները հետևյալն էին՝ առաջին մրցանակին արժանացավ Հրաչյա Սարիբեկյանը՝ «Թիթեռներ փոստային նամականիշների վրա» ստեղծագործության համար, երկրորդ մրցանակը տրվեց Նարեկ Թոփուզյանին՝ «Նրանց նոր հանգրվանը» պատմվածքի համար, երրորդ մրցանակին արժանացան Լանա Մելիքյանը՝ «Տատիկը» պատմվածքի համար և Գրիշ Սարդարյանը՝ «Կոմպոզիտորը» պատմվածքի համար։

Խրախուսական մրցանակների արժանացան Մարի Մելիքյանը՝ «Թանաքագրություն» պատմվածքի համար, Մանվել Պողոսյանը՝ «Սայլը» պատմվածքի համար և Հրաչ Բեգլարյանը՝ «Արծիվը» պատմվածքի համար: Երիտասարդական մրցանակը տրվեց Տաթևիկ Դեբենցին՝ «Օրոր» պատմվածքի համար:

Հարկ է նշել, որ հանձնաժողովի անդամներից յուրաքանչյուրը իր մտքում առնվազն երկու այլ հեղինակների գործեր ուներ որպես մրցանակի արժանի ստեղծագործություն։ Հասկանալի է, որ ինչքան էլ պրոֆեսիոնալ ու անկողմնակալ՝ մեզնից ամեն մեկը գրական արժեքի իր ըմբռնումը, իր չափանիշն ու ճաշակն ունի, և ընդհանուր գնահատմամբ մրցանակների արժանացան նշված հեղինակները։ Ափսոսալով, որ այս կամ այն գործը մրցանակ չստացավ, դույզն իսկ չենք թերագնահատում մրցանակակիրներին։ Սա նշանակում է, որ առանձնացնելու արժանի էլի ստեղծագործություններ կային, և դա միայն պատիվ է բերում «Տոնապետ» գրական անդրանիկ մրցանանակաբաշխությանը։

Մրցույթից ու մրցանակներից զատ, նույնքան կարևոր էր տեսնել մեր գրականության, մասնավորապես փոքր արձակի ներկայիս միտումները, «հանդիպել» նոր խոստումնալից անունների, որոնք մեկ–երկու տարի հետո ավելի լայն ճանաչում են ձեռք բերելու։ Այդ իմաստով ուրախալի էր հատկապես երեք երիտասարդ աղջիկների՝ Լանա Մելիքյանի, Մարի Մելիքյանի և Տաթևիկ Դեբենցի մասնակցությունը մրցույթին։

Նրանց, հաղթողների և լավագույն տասնհինգյակ անցած պատմվածքները ցանկացողները կարող են կարդալ «Կայարան» գրական հանդեսում և «Մշակութային փազլ» կայքում։

Մրցանակաբաշխությունն ամենամյա է, և ամեն տարի ապրիլի 2–ին՝ Վրեժ Իսրայելյանի ծննդյան օրը, կհայտարարվեն նոր մրցույթի հաղթողների անունները։ Կլինի՞ երկրորդ, երրորդ «Տոնապետը» նույնքան բազմահայտ, ժամանակը ցույց կտա։ Իսկ առաջինը ցույց տվեց, որ ժամանակակից հայ արձակը չափազանց կենսունակ ու արժեքավոր շերտեր ունի, և իր մեջ ընդգրկում է պոստմոդեռնից մինչև դասական գրականության ավանդույթներին համահունչ ոճական բազմազանություն։

Մեկնաբանել