Չեչնիայում արգելում են «արագ և դանդաղ» երաժշտությունը

Չեչենական ավանդական պար։

Լուիզա Մչեդլիշվիլի, OC Media

Չեչնիայի մշակույթի նախարարությունը որոշում է ընդունել, որով արգելվում է 80 բիթ/րոպե-ից ցածր և 116 բիթ/րոպե-ից արագ երաժշտությունը:

Ապրիլի 3-ին Չեչնիայի մշակույթի նախարար Մուսա Դադաևը Գրոզնիում չեչեն արվեստագետների հետ հանդիպմանը Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի անունից հայտարարել է, որ նախարարությունը որոշել է մտցնել այդ սահմանափակումները:

«Այսուհետ երաժշտական, վոկալ և խորեոգրաֆիկ բոլոր ստեղծագործությունները պետք է համապատասխանեն րոպեում 80-ից 116 բիթ տեմպին»,- հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ չեչենական երաժշտությունը պետք է համապատասխանի «չեչենական մտածելակերպին»։

Այլ մանրամասներ, թե ինչպես է կիրառվելու օրենքը, չեն հաղորդվում։

Մուսա Դադաևը չեչեն արվետսագետների հետ հանդիպմանը։ Լուսանկարը՝ Չեչնիայի մշակույթի նախարարության։

Կովկասի երաժշտության պահպանման ու տարածման Mountain of Tongues (Լեզուների լեռ) կազմակերպության համահիմնադիր, երաժշտագետ Բեն Ուիլերը OC Media-ին ասել է, որ երաժշտության տեմպը սահմանափակելու Չեչնիայի որոշումը «տարակուսելի և կամայական» է:

«Ես կարծում եմ՝ ընդհանուր ենթադրությունն այն է, որ այս կանոնն ուղղված է երաժշտությանը, որն իշխանությունների ընկալմամբ ունի «ոչ չեչենական» երաժշտության տարրեր: Ես տեսնում եմ հայտարարությունում այն, որ Դադաևն անգամ մեջբերում է փաստը, թե չեչենական երաժշտական մշակույթը «տարբեր է եղել տեմպերով և մեթոդաբանությամբ»»:

Ուիլերն ասել է, որ նոր սահմանափակումները կարող են ազդել ժողովրդական երաժշտության և կրոնական զիքրի վրա՝ իսլամական պաշտամունքի սուֆիական ձևի, որտեղ արտահայտությունները կամ աղոթքները կրկնվում են ոտքի ռիթմիկ հարվածներով, ծափով կամ շնչառությամբ:

«Չեչենական ժողովրդական երաժշտությունում, հատկապես ուշ խորհրդային ժամանակաշրջանում ձայնագրված նյութերում, վիրտուոզ ակորդեոնի ստեղծագործությունների մեծ բազմազանություն կա, որոնք կատարվում են արագ տեմպով և գերազանցում են րոպեում 116 բիթը»,- ասել է Ուիլերը:

«Շատ այլ օրինակներ էլ կան, ասենք՝ կրոնական ծեսերը, ինչպիսիք են չեչեն սուֆիների զիքրը, որոնք ներկայացնում են չեչենական մշակույթի ոչ նյութական կողմը, ինչն այս նոր կանոնի կոպիտ խախտում է»:

«Ես կդժվարանամ անգամ գուշակել, թե ինչ է կատարվում Չեչնիայի իշխանությունների գլխում՝ բացի այն, որ նրանք փորձում են ավելի ճշգրիտ արտահայտել իրենց ցանկությունը՝ գրաքննելու և սահմանափակելու չեչեն երաժիշտների ինքնարտահայտումը»,- ասել է նա։

Ուիլերը մտահոգություն է հայտնել, որ արևմտյան լրատվամիջոցները կարող են այս նոր սահմանափակումները քննադատել որպես հումոր կամ որպես իսլամական ավանդույթներում արմատավորված մի բան:

«Չեչնիայում գոյություն ունի կրոնական հավատքի ձայնային արտահայտման երկար ու հարուստ ավանդույթ, որի համար այս կանոնակարգը կարող է խոչընդոտ լինել,- ասել է նա:- Այսպիսով, բացասական հետևանքները, որ սահմանափակուները կունենան երաժիշտների և չեչենական մշակույթի վրա, շատ ավելի բարդ և նենգ են, քան դրանց մասին հաղորդվում է միջազգային մակարդակով»:

Մեկնաբանել