Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության հարթակ չպետք է դառնա․ Թեհրանը՝ բրյուսելյան հանդիպման մասին

Հարավային Կովկասը աշխարհաքաղաքական մրցակցության հարթակ չպետք է դառնա, հայտարարել է Իրանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին։ Իրանական IRNA գործակալության փոխանցմամբ՝ իրանցի պաշտոնյան նման համոզմունք է հայտնել՝ մեկնաբանելով ապրիլի 5-ին Բրյուսելում անցկացված Հայաստանի, Եվրամիության և Միացյալ Նահանգների միջև հանդիպումը։

«Տնտեսական համագործակցության և կապերի զարգացումը կարևոր դեր են խաղում Կովկասի տարածաշրջանում խաղաղության, կայունության և տնտեսական զարգացման տեսանկյունից։ Այդ համատեքստում հակասությունների հաղթահարման, խաղաղության և կայունության ապահովման համար [երկրների] փոխշահավետ համագործակցության հիման վրա հարկ է օգտագործել տարածաշրջանային մեխանիզմների, այդ թվում՝ «3+3» խորհրդատվական հարթակի ներուժը»,- հայտարարել է Քանանին։

Պաշտոնական Թեհրանը քանիցս հանդես է եկել Հարավային Կովկասի վերաբերյալ հարցերը տարածաշրջանի ներսում քննարկելու օգտին, իսկ հայ-ադրբեջանական բանակցությունները տեսնում է երկկողմ ձևաչափով՝ առանց արտաքին միջամտության։

Ապրիլի 5-ին Բրյուսելում եռակողմ հանդիպում էր կայացել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենի միջև։

Մեկնաբանել