Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի տվյալներով՝ 2024-ի մարտի 31-ի դրությամբ աշխատանք է գտել 13 400 բռնի տեղահանված արցախցի։ Ապրիլի 10-ին Ազգային ժողովում կառավարության ծրագրի 2023-ի կատարման արդյունքների քննարկման ժամանակ հայտնեց Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։
Ըստ նրա՝ առողջապահության ոլորտում աշխատանքով ապահովելու նպատակով 2023-ի հոկտեմբերից հաշվառվել և շարունակական մասնագիտական զարգացման հնարավորություն են ստացել 762 բուժաշխատողներ Արցախից։ Բժշկական կազմակերպություններում աշխատանքի է ընդունվել 187 բուժաշխատող։
Տիգրան Խաչատրյանը նաև ներկայացրեց ուսուցիչների օժանդակության ծրագիրը, որով նրանք կարող են մրցութային կարգով գործուղվել մարզային դպրոցներ․ «Պայմանագրի կնքման պահից մինչև երկրորդ ուսումնական տարվա ավարտը գործուղված ուսուցչին տրվում է լրացուցիչ վճար՝ աշխատավարձի 30 տոկոսի չափով, իսկ Սյունիքի, Վայոց ձորի, Տավուշի, Գեղարքունիքի սահմանանամերձ բնակավայրերում՝ ևս 50 հազար դրամ ֆիքսված լրավճար»։
2024-ի մարտի 31-ի դրությամբ մարզերում աշխատանքի անցած արցախցի ուսուցիչների թիվը 330 է։
Բուհերում և միջին մասնագիտական կրթական հաստատություններում կառավարության աջակցությամբ սովորում են 3 822 արցախցի ուսանողներ։